ՀԱՐՑ. Բոլոր եկեղեցիների խորանների վարագույրներն ինչո՞ւ են փակվում եւ այդպես մնում Մեծ պահքի ամբողջ ընթացքում՝ մինչեւ Հարության ճրագալույցի պատարագը: Ի՞նչ խորհուրդ ունի դա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Վարագույրը փակվում է բուն Բարեկենդանից: Սակայն այն բացվում է մի քանի տոնական առիթներով, որոնք հանդիպում են Մեծի պահոց շրջանում: Դրանք են՝ Տյառնընդառաջը, Աստվածածնի ավետման տոնը, Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապն: Մեծի պահոց շրջանն ավարտվում է Ղազարու հարության հիշատակի հետ միասին: Եվ սա է պատճառը, որ շաբաթ երեկոյան բացվում է խորանի վարագույրը, որն ազդարարում է Մեծի պահոց շրջանի ավարտը: Սակայն սկսվում է Ավագ շաբաթը: Մինչեւ Խավարման գիշեր բոլոր մաղթանքները վերաբերում են Տիրոջ գալստյան, քանի որ Քրիստոս հաղթական մուտք գործեց Երուսաղեմ: Ավագ հինգշաբթի բաց պատարագ է լինում՝ խորհրդավոր ընթրիքի հիշատակն է. կարող եք Ս. Պատարագին մասնակցել եւ Ս. Հաղորդություն ստանալ: Երեկոյան, երբ կատարվում է ուրբաթի գիշերային ժամերգությունը, դարձյալ փակվում է վարագույրը եւ բացվում միայն Հարության ճրագալույցի ժամանակ: Քանզի Տերը մատնվում է, խաչվում, դրվում գերեզման, ավերում է դժոխքը եւ միայն Հարության ավետիսով է բացվում մեզ համար Աստծո մեծ փառքը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում ներկայացված են ավանդույթն ու իրականացման կարգը: Իսկ Մեծ պահքի խորհուրդն ինքնին շատ կարեւոր արարողություն է քրիստոնյա ժողովրդի համար: