ՆԱՏՕ-Ի «ԽՈՐԱՑՈՒՄՆ» ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 8-ին Վարշավայում կայացավ ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը, որտեղ կայացվեց շատ կարեւոր աշխարհաքաղաքական նշանակության որոշում. Դաշինքի 4000-անոց ռազմական ստորաբաժանումը կտեղակայվի Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում ու Էստոնիայում: Նման որոշումն ունի մի քանի ուղերձ: Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին.

Ուղերձ համար 1.
Լեհաստանը, որն ունի հստակ ընդգծված հակառուսական քաղաքականություն, իր ազգային կամքով, պոտենցիալով՝ տարածք, բնակչություն եւ աշխարհագրական դիրք, հանդես է գալիս իբրեւ աշխարհաքաղաքական կենտրոն: Իր այդ կարգավիճակով Լեհաստանը ռուսական ազդեցության կրճատման բնական պատնեշ է, հենց այդ երկրով է անցնում ուժերի բալանսի սահմանը, ու նրա միջոցով է Արեւմուտքը հիմնականում կարողանում բեկել այդ բալանսը:
Ուղերձ համար 2.
Որոշվել է ամրապնդել այնպիսի երկրների անվտանգությունը (Մերձբալթյան երկրներ), որոնք այսօր նույնպես ունեն հստակ ընդգծված հակառուսական դիրքորոշում եւ, որպես իրենց անվտանգության սպառնալիք, դիտարկում են Ռուսաստանին: Այս երկրների մոտ հատկապես խորացավ անվտանգության սպառնալիքի ազգային զգացողությունը, երբ Ռուսաստանն անեքսիայի ենթարկեց Ղրիմը՝ միջամտելով ուկրաինական քաղաքացիական պատերազմին: Ուկրաինան գտնվում է այդ երկրներին շատ մոտ, եւ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չէին կարող նրանց կողմից չգնահատվել իբրեւ սպառնալիքի ռիսկ, որն էլ պատճառ է դառնում էլ ավելի ամրապնդելու սեփական անվտանգությունը ՆԱՏՕ-ի հովանու ներքո:
Ուղերձ համար 3
Սա թերեւս ամենաստրատեգիական նշանակությամբ ուղերձն է, որը շատ կարեւոր նշանակություն ունի աշխարհաքաղաքական տեսանկյունից: Բանն այն է, որ դեռեւս 2002 թվականին Պրահայում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի հայտնի գագաթնաժողովը, որտեղ որոշվեց կիրառել, այսպես կոչված, «անվտանգության ընդլայնման» ռազմավարությունը, որի շրջանակներում ՆԱՏՕ-ի կազմ հրավիրվեցին Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Բուլղարիան, Ռումինիան, Սլովակիան եւ Սլովենիան, որոնք երկու տարի անց դարձան Դաշինքի անդամ: «Անվտանգության ընդլայնման» հայեցակարգը, սակայն, չէր ապահովում ամուր պաշտպանական շերտ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների, ուժերի բալանսի պահպանության կամ դրա փոփոխման առումներով: Ուստի անհրաժեշտ էր, նախ, արեւելաեվրոպական երկրներին, որոնք Ռուսաստանը դիտարկում են իբրեւ սպառնալիք, ապահովել ամուր եւ հուսալի պաշտպանական մեխանիզմներով ու միջոցներով, որոնք հնարավորություն կտային նրանց ապահով զգալու, այնուհետ արդեն մշակելու Ռուսաստանի՝ զսպման եւ «քաղաքական դուրսմղման» ռազմավարություն: Ավելորդ չէ նշել, որ Ռուսաստանը ԵՄ անվտանգության եւ արտաքին քաղաքականության գլոբալ ռազմավարության մեջ պաշտոնապես համարվում է ստրատեգիական սպառնալիք: Իսկ սպառնալիքները, որպես կանոն, պետք է վերացվեն: Երկար ժամանակ Վաշինգտոնից Մոսկվային հասկացնում էին, որ ՆԱՏՕ-ն անցնելու է իր ծրագրի իրականացմանը՝ ՀՕՊ համակարգեր, ստորաբաժանումներ եւ այլն: Նույնն անում էին Լեհաստանի հետ մերձբալթյան հանրապետությունները: Եւ, ահա, հուլիսյան գագաթնաժողովով Դաշինքն «անվտանգության ընդլայնումից» անցում կատարեց «անվտանգության խորացման» ռազմավարությանը՝ ռազմական ներկայություն ապահովելով թիրախային կետերում:
Ինչպես երեւում է՝ ՆԱՏՕ-ն որոշել է Եվրոպայում ամրացնել անվտանգության ոլորտը եւ կրճատել Ռուսաստանի ազդեցության ոլորտներն այնքան, որպեսզի վերջինը չկարողանա ամբողջապես տիրել Ուկրաինային: Ուկրաինան ռուսական վերջին պատվարն է կայսրության «գահը» պահելու ազգային իղձերի ճանապարհին, դրա կորուստը կնշանակի փակել Եվրոպայում իր վերջին ու ծանր դուռը: Չնայած Վաշինգտոնն ու Բրյուսելը հավաստիացնում են, որ սա ուղղված չէ Ռուսաստանի դեմ, սակայն ակնհայտ է, որ սույնով հավատարիմ են մնում աշխարհաքաղաքագետ Մակինդերի տեսությանը, համաձայն որի՝ ով վերահսկում է Արեւելյան Եվրոպան, վերահսկում է «Հարթլենդը» (հիմնականում համընկնում է Ռուսաստանի տարածքի հետ), ով վերահսկում է «Հարթլենդը», տիրապետում է «Համաշխարհային կղզուն» (Եվրասիա, Աֆրիկա):
Ինչ մնում է ՌԴ-ին, ապա, իհարկե, սա չի կարող չանհանգստացնել նրա ղեկավարությանը, որն այս ծրագիրը դիտարկում է իբրեւ իր դեմ կատարվող քայլ: Դա բնական է, քանի որ Ռուսաստանն էլ իր «ՆԱՏՕ»-ն է ստեղծել ՀԱՊԿ տեսքով, իբրեւ հակակշիռ եւ ազդեցության ոլորտների բաժանման աշխարհաքաղաքական գործոն, ինչն էլ ենթադրում է «մարտահրավեր-պատասխան» հարաբերություն:

ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 
ՔԱՍԱԽՈՒՄ ՀԵՂԵՂԱՋՐԵՐԸ ԼՑՎԵԼ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՏՆԵՐԸ

Մինչ Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի բնակիչները համառորեն պայքարում են կարկուտի, ուժգին քամու եւ կայծակի դեմ, այս ընթացքում Կոտայքի մարզի Պռոշյան եւ Քասախ գյուղերը լցվել են հեղեղաջրերով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հուլիսի 10-ին եւ երեկ տեղացած ուժեղ անձրեւի ու կարկուտի հետեւանքով Քասախի ջրատարի ջուրը դուրս է եկել եւ լցվել ոչ միայն քասախցիների, այլեւ հարեւան Պռոշյան գյուղի բնակիչների տները:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Քասախի գյուղապետ Արա Մկրտչյանի հետ, ով պատմեց, որ «Հորդառատ անձրեւների եւ կարկուտի հետեւանքով ջրատարի ջուրը լցվել է գյուղի փողոցները: Բայց այս պահի դրությամբ ջրակույտերը վերացրել ենք: Չնայած որ մեծ վնասներ ենք կրել: Վնասները հաշվարկող հանձնաժողով է ստեղծվել: Մեր հողատարածքներն են վնասվել: Ուժգին քամու հետեւանքով տանիքները նույնպես վնասվել են: Մենք 546 քմ շինությունների վնաս ունենք կրած: Համապատասխան ակտերը արդեն իսկ պատրաստել ենք եւ ուղարկել մարզպետարան»: Ըստ այդմ, քասախցիների հողատարածքների վնասի չափը կազմում է մոտ 117 մլն 626 հազար դրամ, իսկ վնասված շինություններինը՝ 4 մլն 772 հազար դրամ, առանձին գույքերինը՝ մոտ 3 մլն դրամ:
Ի դեպ, վնասներ է կրել նաեւ Պռոշյան գյուղի վարչական տարածքում գտնվող հացաբուլկեղենի արտադրամասը. այստեղ փչացել են սառնարանները եւ այլ սարքավորումներ:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարների խցանման հետեւանքով ջուրը լցվել էր բնակիչների տներն ու քաղաքի փողոցները եւ մեծ վնասներ հասցրել: ՀՀ կառավարությունը մինչեւ 4.6 մլն. դրամ է հատկացրել` հեղեղի հետեւանքով յուրաքանչյուր ընտանիքի բնակարանները նորոգելու եւ խնդիրները վերացնելու համար: Իսկ հեղեղումների հետեւանքով ընտանի կենդանիներ կորցրած ընտանիքները ստացել են 650 հազար դրամ փոխհատուցում: Կառավարությունը 1.7 մլն դրամով էլ աջակցել է ցանքատարածություններում վնաս կրած արթիկցիներին: Սպասենք եւ տեսնենք, թե որքան փոխհատուցում կստանան քասախցիներն ու պռոշյանցիները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՍՊԱՆՎԱԾ ԱՂՋԿԱՆ ԴԱՏԵ՞Լ ԵՆ
Հունիսի 24-ին Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում 2 տարի առաջ Ադրբեջանական գերությունից վերադարձած 25-ամյա Արսեն Խոջոյանը դանակահարել էր համագյուղացի, 1999թ. ծնված Աստղիկ Հանիսյանին: Վերջինիս ծանր վիճակում տեղափոխել էին Բերդի բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը հնարավոր չի եղել փրկել: Նշենք, որ Աստղիկ Հանիսյանը 2015թ. ապրիլի 25-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխա է ունեցել, իրավապահներին կեղծ տեղեկատվություն հայտնել, իբր երեխայի հայրը Վերին Կարմիրաղբյուրում բնակվող իր խորթ հայրն է: Սուտ մատնություն կատարելու համար Ա. Հանիսյանը 2015թ. դեկտեմբերի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի վճռով դատապարտվել է 3 ամիս ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է մեկ տարի փորձաշրջան: Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանը այդ վճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել՝ պատճառաբանելով, որ կատարված հանցանքը Տավուշի մարզի դատարանին ընդդատյա չէ, քանի որ դեպքը կատարվել է Երեւանում: 2016թ. մարտի 31-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելով՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանել է, գործն ուղարկվել է Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ ընդդատության քննության: Այդ դատարանում հունիսի 30-ին պետք է կայանար նշված գործով հերթական նիստը: Դատական տեղեկատվական «Դատալեքս» համակարգում (http://datalex.am/) նշված է, որ հունիսի 30-ի դատական նիստը կայացել է, հաջորդ նիստը նշանակված է եղել հուլիսի 7-ին: Ստացվում է, որ անչափահաս աղջկա դաժան սպանությունից 13 օր անց նրա նկատմամբ դատը շարունակվել է:
 

22 ԿՄ ՃԱՆԱՊԱՐՀ ԱՎԵՐՎԵԼ Է
Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը հայտնեց, որ վերջին օրերին տեղացած հորդ անձրեւներից գոյացած սելավները ավերել են գյուղի համայնքային նշանակության բոլոր ճանապարհները: Դրանց ընդհանուր երկարությունը 22 կմ է: Նախկինում գյուղապետարանը այդ ճանապարհները նորոգել, խճապատել է: Գյուղապետն ասաց, որ միայն միջպետական ճանապարհից մինչեւ գյուղապետարան տանող ասֆալտապատ ճանապարհն է երթեւեկելի, իսկ համայնքի տարածքում երթեւեկելու համար բնակիչներին «Նիվա» է հարկավոր: Խաշթառակի դիրքը թեք է, անձրեւներից առաջացած սելավները մեծ վնաս են պատճառում: Նա հայտնեց, որ ինքը վերջերս, 2 անգամ հորդ անձեւի տակ կանգնած, սելավատարների մաքրման աշխատանք է ղեկավարել, որպեսզի տարերքի վնասներն ավելի մեծ չլինեն: Գյուղապետի ներկայացմամբ՝ համայնքային նշանակության ճանապարհները վերականգնելու համար համայնքը միջոցներ չունի, ուստի ինքը մտադիր է աջակցության համար դիմել Տավուշի մարզպետին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս