Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու գրքույկ-ուղեցույցի և տեղեկատվական պաստառի շնորհանդեսը:
ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների կողմից իրականացվել է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու իրազեկման ակցիա երեխաների և նրանց ծնողների համար: Միջոցառումն ուղեկցվել է երեխաների համար նախատեսված ուրախ ժամանցային և ուսուցողական խաղերով:
ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ մշակած և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ միաիսն իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի ուժեղացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում տպագրված «Արև, արև, եկ, եկ…» գունավորման գրքույկը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար: Գրքույկը պատմում է երեխաներին արևի օգտակար և վնասակար ազդեցության մասին և սովորեցնում արևի վնասակար ազդեցությունից պաշտպանվելու կանոնները: Պաստառը հիշեցնում է ծնողներին արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցության մասին:
Գունավորման գրքույկները և տեղեկատվական պաստառները տեղադրվել են նաև Երևանի և մարզերի տեղամասային մանկական պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում` այցելուներին պատշաճ կերպով իրազեկելու նպատակով: