Նարեկ Դուրյանի հետ «Ժողովուրդը» հանդիպեց Տիկնիկային թատրոնում, որտեղ մեկ ամիս առաջ կայացել էր նրա նոր` «Իմ կնոջ անունն է Մորիս» կատակերգության պրեմիերան: Նա դահլիճում նստած՝ հետեւում էր փորձի ընթացքին:
-Պարո՛ն Դուրյան, այն Նարեկը, որը նստել էր դահլիճում, եւ այն մյուս Նարեկը, որին տեսնում ենք բեմում, իրար հետ ի՞նչ հարաբերությունների մեջ են:
-Ինձ թվում է` հարմոնիայի մեջ են… Նա, ով բեմի ներքեւում է, շատ ավելի պահանջկոտ է: Կարծեմ՝ վեցերորդ անգամ եմ խաղալու այս ներկայացումը, բայց նորից փորձ եմ նշանակել: Այսինքն` ներքեւի Նարեկը գոհ չի, զգում է, որ դեռ շտկումների կարիք կա, չնայած որ եղել են հոտնկայս ծափահարություններ եւ այլն… Ամեն դեպքում` մեր հարաբերությունները շատ խաղաղ են: Այ, այն երրորդ Նարեկը, որը տանն է ապրում, ավելի բարդ մարդ է: Գիտեք` իմ կնոջը շատերը նախանձում են: Կոմեդիաներս նայում են, ասում են՝ երանի Ձեզ, այսպիսի ամուսին ունեք…, բան… Իրենց թվում է` ես մտնում եմ տուն, մի կոմեդիա էլ կնոջս հետ եմ խաղում. դա բացարձակապես այդպես չէ: Էս մասնագիտության մարդիկ, մանավանդ իմ նման մարդիկ, միայնակ են, ծանր են… Մենք ծանր ենք… Տունը այն տեղն է, որտեղ հանդիսատես, ծափահարություն չկա, կարող ենք մեր նեգատիվը հանել դուրս, պետք է, չէ՞, այդպիսի մի տեղ լինի, մարդ ենք… Բայց ռուսը մի տարօրինակ խոսք ունի. «Бьет, значит любит»: Ինձ միշտ ապշեցրել է այս արտահայտությունը, բայց սրա մեջ շատ մեծ ճշմարտություն կա: Մի քիչ բարդ է… Տանը մենք լրիվ ուրիշ ենք…
-Բեմում ծափահարությունների կարիք ունեք, իսկ տա՞նը:
-Մենակության: Բայց զարմանալի բան է, որ մենակ եմ մնում, սկսում եմ դրանից դժգոհել: Էսպիսի մարդկանց կին լինելը շատ դժվար է: Պետք է միշտ ամուսնուդ կողքին լինես` չերեւալով: Ես հանգստություն եմ սիրում` իմ գրքերը, իմ անկյունը… Փայտ եմ սիրում: Փարիզի իմ բնակարանի ներսն ամբողջությամբ փայտից է. չեմ սիրում շքեղ բաներ. դա ինձ հոգնեցնում է. համեստություն եմ նախընտրում: Հետո խոհանոց եմ շատ սիրում, պատրաստում եմ ամեն ինչ, ես ինձ այնտեղ շատ լավ եմ զգում: Ընդ որում` պատրաստելու պրոցեսից եմ ավելի շատ հաճույք ստանում: Տունն էլ եմ հավաքում, մաքրում եմ, լվանում եմ, կարծում եմ` դա տղամարդկության հետ կապ չունի. ես այդ կոմպլեքսները չունեմ: Կինս զանգում, ասում է, որ ուշ է գալու տուն, ես սեղան եմ գցում, անձեռոցիկները խնամքով փաթաթում եմ, ծաղիկ եմ դնում սեղանին. սիրուն բաներ եմ սիրում: Իսկ ուտելն արդեն երկրորդական է:
-Վերադառնալով բեմի Նարեկին` հետաքրքիր է` կա՞ մի թեմա, որի վերաբերյալ պրպտում եք, միգուցե երկար ժամանակ է` դրան անդրադառնալու ցանկություն ունեք, կամ կա՞ մի կերպար, որ անպայման ուզում եք մարմնավորել:
-Իմ երազանքն է խաղալ Սիրանո դը Բերժերակ: Այդ տարիքով մարդը, այդ տգեղ մարդը, նրա սերը, որ չի համարձակվում արտահայտել ու էդ վեհությունը, որ նա ունի… Խենթանալիք դեր է, մի օր կխաղամ, անպայման կխաղամ: Ես առաջին անգամ Սիրանո դը Բերժերակ բեմի վրա տեսել եմ ինձ համար մեծն դերասան Մհեր Մկրտչյանի մարմնավորմամբ: Ուսանող էի, ինքը խաղում էր Սունդուկյան թատրոնում: Էդ օրվանից երազում եմ էդ կերպարը խաղալ: Ես Ձեզ ասեմ` ինձ համար Մհեր Մկրտչյանը Ժերար Դեպարդյեից էլ լավ խաղաց:
-Դուք հաճախ եք խոսում այն մասին, որ թատրոնը պետք է ինքնաբավ կառույց չլինի, չպարփակվի ինքն իր մեջ, այլ բաց լինի, դերասանները, անձնակազմի մյուս անդամները պետք է գնան դուրս, «լայնանան», հիմա մեզ ի՞նչ է պակասում, որ աչքներս մի քիչ բացվի:
-Ոնց պտտվում ենք, գալիս ենք կենցաղին: Իհարկե, արտիստը նախ պետք է ազատ լինի, բայց նաեւ պետք է այդ ազատությունից օգտվելու համար հնարավորություն ունենա: Իսկ դա կախված է ֆինանսականից: Խորհրդային տարիներին մենք իմանում էինք, որ Թիֆլիսում պրեմիերա էր, գնացք էինք նստում, գնում, նայում, գալիս կամ ինքնաթիռ էինք նստում, գնում Մոսկվա: Մեր ժամանակ ուսանողական տոմսդ ցույց էիր տալիս եւ ամբողջ Սովետական Միության թատրոնները քո առջեւ բաց էին, անվճար (ի դեպ, իմ ներկայացումներին եթե տեղ լինի, ուսանողները կարող են անվճար մտնել): Բայց էս ժողովուրդը չունի էդ հնարավորությունը: Ու էստեղ շատ հարցեր փակվում են: Ես հիշում եմ, որ Վիլյամ Սարոյանը առաջին անգամ եկել էր Հայաստան, այցելեց թատերական ինստիտուտ, մեր կուրսից մեկը հարցրեց. «Վարպե՛տ, ի՞նչ խորհուրդ կտաք մեզ»: Սարոյանն ասաց. «Դրամ ունենաք` ճամփորդեք, աշխարհ տեսեք»: Եվ իսկապես, այդ դեպքում դու քեզ գտնում ես, քո ձեռագիրն ես ձեւավորում: Օրինակ` ես հաճախ եմ լինում մեր թատրոններում, տեսնում եմ, թե ինչ են անում, ուր են հասել մեր ջահելները:
-Իսկ ու՞ր են հասել:
-Մենք հիմա բռնել ենք Եվրոպայի ճանապարհը. ունենք շատ լավը եւ շատ վատը: Եվ ի՞նչ կատարվեց` հանդիսատեսն էլ սկսեց բաժանվել: Առաջ կար մի հանդիսատես, որը էս թատրոնից գնում էր էն թատրոն, հիմա կա հանդիսատես, որ գնում է միայն էս ներկայացմանը, եւ կա հանդիսատես, որ գնում է միայն էն ներկայացմանը: Գլոբալիզացիայի հետեւանքով ամեն բան դառնում է միատեսակ, բայց այդ միատեսակության մեջ ամեն ինչ դառնում է իրար չկապակցված: Վերջին 20 տարում քանի՞ մեծ աստղ է ասպարեզում երեւացել, քանի՞ Ջեյմս Բրաուն, քանի՞ Բիթլզ ու Ազնավուր, քանի՞ Ֆրունզ, Սեւակ ծնվեց: Բոլորը ինկուբատորի ճտերի նման դուրս են գալիս, երկու տարուց չես էլ հիշում: Ամեն ինչ փոխվել է….
-Այո՛, փոխվել է. Ձեզ մոտ գալիս փողոցում մի կին տեսա, Ստեֆան Ցվայգ էր վաճառում` 500 դրամով:
-Տեսնո՞ւմ եք` Դուք արդեն ասացիք այն, ինչ պետք էր: Մենք շատ էինք ծիծաղում Մարքսի վրա, զզվում էինք նրանից: Բայց վերջերս մտածում էի` ինչ կարդամ, Մարքս աչքովս ընկավ, վերցրեցի, ընթերցեցի… Հանճարեղ մարդ է եղել: Ուրիշ հարց` որն է մեզ հարմար` լինել խելացի ու բանտարկված, թե ազատ ու ապուշ: Հավանաբար, բոլորս գերադասում ենք երկրորդը: Բայց արգելքը զարգացնում է մարդուն, ստիպում է մտածել: Իսկ ամեն ինչ թույլ տալը մարդուն բթացնում է: Ես մեր երիտասարդներին աստիճանաբար սկսում եմ հավանել. մտածում են, շարժվում են… Նրանց ժամանակ է պետք:
-Պարո՛ն Դուրյան, Դուք Հայաստանի քաղաքացիություն չունեք, չէ՞:
-Չէ՛, ես Ֆրանսիայի քաղաքացի եմ:
-Իսկ չե՞ք ուզում ունենալ:
-Ուզում եմ, երեւի կունենամ:
-Այլապես ինչպես եք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, չե՞ք ափսոսում:
-Չեմ ափսոսում, չէ՛:
-Դուք, կարծես, ակտիվ չեք քաղաքական գործընթացներում:
-Չէ՛, դա ինձ չի հետաքրքրում: Ես շատ լավ տեսնում եմ թե՛ Հայաստանի, թե՛ Ֆրանսիայի լավ ու վատ կողմերը… Դրախտավայր աշխարհում գոյություն չունի: Շատ բաներ կան, որ շատ վատ են, հուսով ենք` կհղկվեն: Իսկ իմ միսիան մարդկանց տրամադրությունը բարձր պահելն է: Մի քանի օրից, օրինակ, գնում եմ զորամասեր` «Օպերացիա Նեմեսիս»-ը խաղալու: Իմ միսիան սա է:
-Իսկ եղե՞լ է` բեմից ֆիքսեք, որ դահլիճում քաղաքական գործիչ է նստած:
-Շատ: Ինքն ինձ համար հանդիսատես է… Եղել է, որ վարչապետ է եկել, տեղ չի եղել, աթոռ ենք դրել, նստել է, նայել ներկայացումը, ինչպես բոլորին, այնպես էլ իրեն գլուխ եմ տվել, գնացել է: Հիմա ինքը վարչապետ չի, սովորական մարդ է:
-Իսկ ցանկություն ունեցե՞լ եք անդրադառնալու քաղաքական թեմաների:
-Չէ՛, շինծու բաներ չպետք է լինեն ներկայացման մեջ, եթե ինչ-որ բան ասում էլ եմ, ուրիշ ձեւ եմ ասում: Ժողովուրդն էլ է մեղք. այն, ինչ արդեն գիտի, մի հատ էլ եռման ջրի պես լցնում ես գլխին: Ի՞նչ է դա փոխում. ոչ մի բան: Էլի եմ ասում` իմ միսիան ուրիշ է` թերապիա է: Փողոցում շրջում եմ (իսկ ես հաճախ եմ զբոսնում), մեկ էլ տեսնում եմ` մի մարդ է հեռվից գալիս, ժպտում է, հա՛մ խոսում է, հա՛մ էլ ներկայացումիցս մի բան է հիշել, ծիծաղում է… Մտածում եմ` ինչ լավ է, որ այս մարդուն մի պայծառ բան եմ տվել: Դրանից ավել ինձ համար ոչ մի պարգեւատրում չկա:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ