Արծվիկ Մինասյանը համաձայն չէր Իշխան Զաքարյանի որակումների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի ավարտին Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի` նիստում արված հայտարարությանը:

«Հարգելի գործընկերներ, որպեսզի հասարակության մոտ թյուրըմբռնում չձևավորվի, նշեմ, որ սոցիալական փաթեթները չորս հիմնական ուղղություններով են ընթանում, Առողջապահությունից զատ կա նաև կրթութան ֆինանսավորում և նաև հանգստի կազմակերպում: 10.9 միլիարդ դրամը, որը 2016 թվականին բյուջեով նախատեսված է, սա մնացած երեք ուղղություններով է, իսկ ուսումնասիրությունները կատարվել են միայն հանգստի բաղադրիչով: 10.9 միլիարդը չի վերաբերվում միայն հանգստին, չնայած դրա գերակշիռ մասն է»,- նշեց Մինասյանը և անդրադարձավ Իշխան Զաքարյանի այն հայտարարությանը, թե տուրօպերատորների ոլորտում չկա լիցենզավորում:

«Կա հաշվառում, որի նպատակը տուր-օպերատորների հաշվարկ իրականացնելն է, որպեսզի բոլոր հանգստյան տներն իմանան, թե որ կազմակերպությունների հետ կարող են կազմակերպել այդ գործունեությունը: Ապօրինի կանխիկացում արտահայտությունն այստեղ տեղին չէ, որովհետև արգելված չէ դրա կանխիկացումը: Սահմանափակումներ կան, բայց արգելված չէ, հետևաբար մենք պետք է խոսենք հասցեականության բարձրացման և արդյունավետությունն առաջ տանելու մասին, որ քաղաքացիների մոտ տպավորություն չստեղծվի, որ հանվում է այդ բաղադրիչը», – հավելեց նա:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց, թե խոսքը չի վերաբերվում սոցփաթեթները հանելուն. «Խոսքը չի վերաբերվում հանելուն: Երևի, ևս մեկ անգամ հստակեցնեմ՝սոցիալական փաթեթը  2016 թվականի համար գործում է հստակ, ոնց որ նախատեսված է պետական բյուջեով: 2017-2019 թվականի միջնաժամկետի քննարկումների ընթացքում քննարկումները կասեցրել ենք, և այդ հանձնարարությունը, որը տրվել է երեք նախարարություններին, պետք է ներկայացնենք նոր գործիքակազմ՝ ավելի հստակ վերահսկելու ադ գործընթացը, իսկ 2017 թվականի բյուջեում մենք ընդգրկելու ենք այդ բաղադրիչը: Ինչ վերաբերվում է կանխիկին և ոչ կանխիկին, Զաքարյան Իշխանը նկատի ուներ այն պայմանավորվածությունները, որոնք քաղաքացիները ձեռք են բերում առողջարանների հետ, գումարը փոխանցում են և գումարի մի մասը կորցում են, իսկ մի մասը՝ կանխիկացնում: Սա է խնդիրը: Դրա համար սա պիտի քննարկվի»,- հավելեց Աբրահամյանը:




Լրահոս