ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն Armlur.am-ի

Այս հորդորը, իհարկե, ողջունելի քայլ է, բայց ցանկալի կլիներ՝ այն գրված լիներ առանց տառասխալի: Գրված է «չախտոտել», այնինչ պետք է լինի «չաղտոտել»:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ գյուղատնտեսական կենդանիների ո՞ր տեսակի հիվանդությունների բուժման նկատմամբ է իրականացվում պետական աջակցություն: Եվ կցանկանայի տեղեկանալ, թե ի՞նչ հաճախականությամբ են իրականացվում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ հակահամաճարակային միջոցառումները:

Նորայր Սամսոնյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ ՀՀ-ում իրականացվում են անասնահակահամաճարակային միջոցառումներ: Ախտորոշիչ միջոցառումներ՝ գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլյոզ: Կանխարգելիչ միջոցառումներ՝ գյուղատնտեսական կենդանիների սիբիրախտ, գյուղատնտեսական կենդանիների դաբաղ, խոշոր եղջերավոր կենդանիների պաստերելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների խշխշան պալար, մանր եղջերավոր կենդանիների, խոզերի դասական ժանտախտ, թռչունների կեղծ ժանտախտ, մեղուների վարրոատոզ: Գյուղատնտեսական կենդանիների դաբաղ, խշխշան պալար, մանր եղջերավոր կենդանիների բրադզոտ հիվանդությունների նկատմամբ՝ տարեկան 2 անգամ: Գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզ հիվանդության նկատմամբ ախտորոշիչ միջոցառումները իրականացվում են տարեկան 2 անգամ, մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ միջոցառումը՝ տարեկան 2 անգամ: Գյուղատնտեսական կենդանիների տուբերկուլյոզ, սիբիրախտ, պաստերելյոզ, խոզերի դասական ժանտախտ, թռչունների կեղծ ժանտախտ հիվանդությունների նկատմամբ տարեկան մեկ անգամ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ բրուցելոզը զոոնոզ հիվանդություն է, մարդուն փոխանցվում է ինչպես հիվանդ կենդանու հետ շփման, այնպես էլ չվերամշակված մթերքի օգտագործման միջոցով: Բրուցելոզ հիվանդության թաքնված շրջանը տեւում է 3 շաբաթից մինչեւ 2 ամիս: Հիվանդությունն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, որը կարող է տեւել մի քանի շաբաթ: Տենդը կարճատեւ ընդմիջումներից հետո կարող է կրկնվել մի քանի անգամ եւ ուղեկցվում է դողով:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ՀՀ-ում հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության, քանի կատեգորիաների է բաժանված:

Տիգրան Մխոյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Մխոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների), դասակարգվում է՝
1) գյուղատնտեսական նշանակության,
2) բնակավայրերի,
3) արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության,
4) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների,
5) հատուկ պահպանվող տարածքների,
6) հատուկ նշանակության,
7) անտառային,
8) ջրային,
9) պահուստային հողերի:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հողի տիրապետումը, օգտագործումը եւ տնօրինումը չպետք է վնաս պատճառի շրջակա բնական միջավայրին, երկրի պաշտպանունակությանն ու անվտանգությանը, չպետք է խախտի քաղաքացիների եւ այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը:




Լրահոս