Որպես նախկին զինվորական, որպես ազատամարտիկ ասել եմ, որ որևէ մեկը թույլ չի տվել հողեր հետ տալու կամ դրա մասին անգամ խոսելու: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:
«Ոչ մի իշխանություն չի կարող իր վրա այդպես ծանր բեռ վերցնել, այդպիսի որոշում կայացնել: Մանավանդ, որ մենք գիտենք, թե ինչ երկրի հետ գործ ունենք: Ադրբեջանը չի կարող քաղաքակիրթն տարբերակով բանակցել կամ փոխզիջման գնալ», -ընդգծեց նա:
Պետրոսյանի խոսքով` այժմ պետք է ոչ թե մտածել տարածքներ վերադարձնելու, այլ տնտեսապես հզորանալու մասին: «Եթե ուզում ենք տնտեսապես հզորանալ, պետք է առաջին հերթին իշխանական այս վերաբերմունքը փոխվի, երկրում նորմալ վիճակ լինի, կոռուպցիան դադարեցվի, թանալը դադարեցվի, մենաշնորհները պետք է վերացվեն, սակայն իշխանթյուններն ի վիճակի չեն», – հավելեց նա:
Ազատամարտիկի խոսքով` քանի դեռ մենք ուժեղ չենք, այսպիսի խնդիրների առջև միշտ էլ կարող ենք կանգնել: «Տնտեսապես հզորանանք, բանակը հզորացնենք, եթե այս իշխանությունները չեն կարողանում, պետք է հեռանան: Կամ պետք է այդ տարբերակով աշխատեն, կամ հեռանան: Պետք է տնտեսապես հզորանալու ու ուժեղ պետություն դառնալու մասին մտածել, իսկ դրա համար ժողովրդին սիրող իշխանություն է անհրաժեշտ», – եզրափակեց Պետրոսյան:
Հավելենք, որ քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀԿ-ի գործադիր մարմնի վերջին նիստում՝ Վարշավա մեկնելուց առաջ, Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ասել է, թե ինքն ընտրության առաջ է կանգնած՝ կա՛մ պետք է համաձայնի հողերը հանձնել Ադրբեջանին, կա՛մ հրաժարվի, որի դեպքում արդեն պատերազմն անխուսափելի է: Հենց այս հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ ՀՀԿ-ականները մեկը մյուսի ետեւից, Մայր Թերեզայի դեմքի արտահայտությամբ շտապում են փոխզիջումների մասին խոսել, իբր հողերի հանձնումն այլընտրանք չունի եւ այսպես շարունակ:
Նաիրա Հովհաննիսյան