Մանկավարժական համալսարանը պարզաբանում է.
«Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում տեղ գտած «ինչ է կատարվում բուհերում» վերնագրով լուրում տեղ են գտել որոշակի անճշտություններ, որոնք պարզաբանման կարիք ունեն: Մասնավորապես, թերթը առանց որեւէ հիմնավորման նշում է ողբերգական դեպքի վարկածներից միայն մեկը, թեեւ շրջանառվում են տարբեր վարկածներ: Նշվում է որպես ինքնասպանության պատճառ ավարտական քննություններից կտրվելու փաստը: Սակայն չի նշվում, որ քննությունը տեղի է ունեցել ողբերգական դեպքից մոտ երկու ամիս առաջ, ինչը էականորեն նվազեցնում է քննությունից կրտվելու դրդապատճառի հավանականությունը: Ամեն դեպքում հարուցված է քրեական գործ, ընթանում է հետաքննություն, եւ օրերս ՀՀ քննչական կոմիտեն տարածեց տեղեկատվություն, որում մասնավորապես նշված էր. ՙՀաշվի առնելով երիտասարդ աղջկա ինքնասպանության հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով մշակվել են աշխատանքային մի շարք վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, քննության առարկա են դարձվել նաև հնարավոր շարժառիթների վերաբերյալ մամուլի հրապարակումները։
Հարգելով ՀՀ Սահմանադրության 31-րդ և 34-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար յուրաքանչյուր անձի մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունքը՝ ՀՀ քննչական կոմիտեն ձեռնպահ է մնում մշակված վարկածների մասին մանրամասն տեղեկություններ հրապարակելուց: Սակայն, միաժամանակ, կարևորելով հասարակական պահանջը՝ տեղեկացնում ենք, որ քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ երիտասարդ աղջիկն ինքնասպանությունից առաջ նամակ է գրել իր ծանոթներից մեկին՝ տեղեկացնելով իր մտադրության ու պատճառների մասին։ Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ երիտասարդը, վերջինիս մայրը, տուժած աղջկա հարազատները, դասախոսներ։
Առգրավվել է նրա բջջային հեռախոսը, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա հեռախոսային խոսակցությունների վերծանումներն ստանալու վերաբերյալ։ Քննիչը որոշում է կայացրել հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին: Կոչ ենք անում լրատվամիջոցներին՝ հարգել անձի մասնավոր կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը և զերծ մնալ երիտասարդ աղջկա մասնավոր կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելուց՝ առանց նրա ծնողների համաձայնության՚: