Ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դրական համարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ակտիվացած բանակցությունները, միաժամանակ, սակայն, կարծիք հայտնելով, որ ներկայումս հակամարտության կարգավորումն իրատեսական չէ: Նրա խոսքով, Ռուսաստանի համար կարեւոր է վերահսկողության տակ պահել կոնֆլիկտի բոլոր կողմերին:
-Պարո՛ն Դուբնով, վերջերս Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ակտիվ քննարկումներ եւ հանդիպումներ են տեղի ունենում: Օրինակ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երեւան այցից հետո մեկնեց Բաքու եւ նույնիսկ հայտարարեց, որ կողմերն ավելի քան երբեւէ մոտ են հարցի կարգավորմանը: Ըստ Ձեզ` ի՞նչ կարող են տալ նման հանդիպումները:
-Ես կարծում եմ, որ այս բոլոր քննարկումներն ապրիլյան դեպքերի հետեւանք են: Մինսկի խմբի համանախագահները եւ հակամարտող կողմերի ներկայացուցիչները տարբերակներ են փնտրում եւ փորձում են այս կերպ ապահովագրել իրենց ապրիլյան իրադարձությունների կրկնության հնարավորությունից: Ես չեմ կարծում, որ ներկայումս հնարավոր է հակամարտության կարգավորումը:
-Այսինքն` Դուք կարծում եք, որ ապրիլյան իրադարձությունները կարող են կրկնվե՞լ:
-Այո՛, այդ դեպքերը կարող են կրկնվել, քանի որ երկու կողմերի դիրքորոշումները նախկինի պես չեն փոխվել: Հայաստանը հետաքրքրված է ստատուս-քվոյի պահպանմամբ, Ադրբեջանն էլ փորձում է այն փոխել: Եվ ես չեմ նկատում այս երկու տեսակետների փոփոխություն կամ համատեղում:
-Դուք ելքը կամ հետագա զարգացումներն ինչպե՞ս եք տեսնում:
-Ես ո՛չ Աստված եմ, ո՛չ էլ հակամարտող կողմ հանդիսացող երկրների ներկայացուցիչ, ես կարծում եմ, որ մնում է անել հենց այն, ինչ անում են կողմերը, այն է` փորձել մարել հրդեհը եւ թույլ չտալ հետագա սրացումները կամ, ամեն դեպքում, նվազեցնել կրկնվելու հնարավորությունը: Երբեմն, երբ հնարավոր չէ երկարաժամկետ խաղաղության հնարավորություն ստեղծել, կարող ես գոնե նվազեցնել պատերազմի հավանականությունը:
-Ամեն դեպքում, ըստ Ձեզ, մոտ ժամանակներս որեւէ փաստաթղթի ստորագրում բացառվո՞ւմ է:
-Փաստաթուղթ կարող է ստորագրված լինել, բայց այն չի կարող ունենալ ոչ մի իրավաբանական ուժ կամ որեւէ էական բովանդակություն: Իհարկե, նման որեւէ փաստաթղթի առկայությունը լավ է, քանի որ կողմերը երկար տարիներ է, ինչ ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել: Բայց դա կրկին բացառապես միտված կլինի խաղաղության պահպանմանը, այլ ոչ թե կոնֆլիկտի լուծմանը: Մոտ ապագայում կարգավորման հնարավորությունը փոքր է, քանզի այն տարբերակը, որն առաջարկվում է եւ կողմերի արձագանքները թույլ են տալիս եզրակացնել, որ տեսակետների միջեւ ոչ մի լուրջ մերձեցում սպասել չարժե: Իհարկե, ես կցանկանայի սխալվել, բայց չեմ կարծում, որ կարգավորումը հիմա հնարավոր է:
-Իսկ, ի վերջո, ինչի՞ հանգեցրեցին ապրիլյան իրադարձությունները: Կարծես թե միայն այդ դեպքերից հետո բանակցություններն այսպես ակտիվացան:
-Ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ մեծ թվով սպառազինություն կա եւ այնտեղ, որտեղ հակամարտող կողմերը միմյանցից քիչ հեռավորության վրա են գտնվում, բախումներն անխուսափելի են: Ես չեմ դասվում այնպիսի կարծիքներ ունեցողների շարքին, ըստ որոնց՝ ապրիլյան իրադարձությունները կողմերից որեւէ մեկը նախօրոք մտածել կամ հաշվարկել էր: Ոչ, ես կարծում եմ, որ սա իրադարձությունների բնական ընթացք էր, որին կողմերը գնում էին դեռ երկու-երեք տարի առաջ: Ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմը կարողացավ ինչ-որ սյուժե ստեղծել, թե իրենք մեղավոր չեն, իսկ միջազգային հանրությունն էլ պետք է հասկանա, որ Ադրբեջանը համաձայն չէ իրադարձությունների նման ընթացքի հետ: Եվ, իսկապես, Ադրբեջանն իր այս քայլով ստիպեց բոլորին ակտիվանալ, եւ դա իսկապես հաջողություն էր:
-Դուք նույնպես նշում եք, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ նման ակտիվ քննարկումներ նախկինում չկային: Ապրիլից հետո մենք ի թիվս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի, տեսնում ենք պարբերական հեռախոսազրույցներ ՌԴ եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ Լավրովի եւ Քերիի միջեւ, անգամ այդ հարցով Օբամա-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունենում, Ղարաբաղի խնդրը քննարկվում է բոլոր բարձրաստիճան հանդիպումներում եւ ձեւաչափերում: Ի վերջո, ըստ Ձեզ, նման քննարկումներն էական ազդեցություն չեն կարո՞ղ թողնել:
-Պուտինն ու Օբաման այլ բազմաթիվ խնդիրներ ունեն, օրինակ՝ Սիրիան եւ Ուկրաինան, եւ Ղարաբաղը չի հանդիսանում մեծ արժեք ունեցող խնդիր նրանց համար: Այն տեսակետը, որ Օբաման եւ Պուտինը կարող են էապես փոխել իրադարձությունների ընթացքը, միայն խաբկանք է: Չպետք է գերագնահատել մեծ խաղացողների հնարավորություններն ու ցանկություններն այս հարցում: Սա այն եզակի դեպքերից է, որ կարող ես համաձայնել Պուտինի հետ, երբ նա ասաց, որ դա ձեր կոնֆլիկտն է:
-Այդ դեպքում, ի վերջո, ինչի՞ է ձգտում եւ ի՞նչ է ցանկանում Ռուսաստանը:
-Ռուսաստանի համար կարեւոր է վերահսկողության տակ պահել կոնֆլիկտի բոլոր կողմերին: Ղարաբաղն իսկապես գլխավոր գոտիներից է, եւ Ռուսաստանն, իհարկե, կցանկանար ավելի մեծ դեր ունենալ վերահսկողության հարցում, իդեալական կլիներ խաղաղապահների տեղակայումը, որը, սակայն, ներկայումս անհնար է: Ռուսաստանն իսկապես ցանկանում է բարձրացնել իր դերը եւ օգտագործում է երկու ուղղություն. նա առաջին հերթին օգտագործում է այն հանգամանքը, որ Ղարաբաղի կոնֆլիկտն այն հարցն է, որի դեպքում Արեւմուտքի հետ էական հակասություններ չկան: Նա փորձում է օգտագործել այդ ռեսուրսը եւ մյուս կողմից փորձում է երկու երկրների հետ էլ աշխատել:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը