Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները և կարևորել հայ-իրանական բարձր մակարդակի փոխայցելությունները՝ նշելով, որ դրանք նպաստում են քաղաքական, տնտեսական, իրավական և այլ ոլորտներում հարաբերությունների հետագա խորացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ պարոն Սերաջի այցը մեր երկիր և ՀՀ քննչական կոմիտեի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նոր ազդակ կհաղորդեն իրավական ոլորտում համագործակցության սերտացմանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ հայ-իրանական փոխգործակցությունը դինամիկ զարգանում է, արդյունավետ իրականացվում են տարբեր համատեղ ծրագրեր, այդ թվում՝ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքները:

Նասեր Սերաջը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և շնորհակալություն հայտնել ընդունելության համար: ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահը նշել է, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև առկա են բարեկամական ու եղբայրական հարաբերություններ և ընդգծել, որ իրանական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնել ու ընդլայնել համագործակցությունը բոլոր ոլորտներում: Կարևորվել է նաև իրավական ոլորտում համագործակցության խորացումը: Պարոն Սերաջի համոզմամբ՝ երկու երկրների միջև առանց վիզայի ռեժիմի հաստատումը կնպաստի զբոսաշրջության հետագա զարգացմանը:
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Նասեր Սերաջն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:




Լրահոս