«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի»՝ նախօրեին հրապարակած հաշվետվությունից պարզ է դառնում, որ Կոտայքի մարզի ղեկավարությունը, այնուամենայնիվ, փորձել է Արցախին օգնելու նպատակի անվան տակ գումարներ հավաքագրել՝ հետագայում դրանք սեփական նախասիրությամբ տնօրինելու նպատակով: Այսինքն՝ եթե չլիներ «Ժողովուրդ»-ի՝ մայիսի 6-ի հրապարակումը, որը Արցախին օգնելու անվան տակ մասնավոր հիմնադրամի հաշվեհամարին գումար հավաքելու մասին էր, ապա դժվար է ասել, թե մարզպետարանի ղեկավարությունն ինչպես կվարվեր կուտակած միջոցների հետ:
Փաստն այն է, որ դեռեւս ապրիլի 15-ի դրությամբ վերը նշված հիմնադրամի հաշվեհամարին արդեն մուտք է եղել ավելի քան 37 միլիոն դրամ, որից 17 միլիոնը Կոտայքի մարզի ղեկավարությունը հասցրել է ծախսել՝ Արցախին օգնություն գնելու հիմնավորմամբ: Իսկ մնացած գումարը «քնացրել» են, եւ միայն «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո, երբ աղմուկ էր բարձրացել, Կոտայքի մարզի ղեկավարությունը փոխանցեց Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին:
«Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի» հրապարակած հաշվետվության արդյունքում ի հայտ եկող հաջորդ փաստն այն է, որ այդպիսով ապացուցվում է՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, նրա երեք տեղակալները եւ մյուս պաշտոնյաները մեկ դրամ անգամ իրենց գրպանից չեն փոխանցել Արցախին օգնելու համար: Փոխարենը դեմ չեն եղել դպրոցականների փոխանցած 5 հազարական դրամներից հավաքված գումարների հաշվին հեղինակություն վաստակելուն, իբր Արցախին օգնել են: Սրանք այն մարդիկ են, որոնք ունեցվածքի տեր են դարձել իրենց պաշտոնների շնորհիվ: Իհարկե, չենք բացառում, որ այս հրապարակումից հետո նրանք, այնուամենայնիվ, մի քանի դրամ կփոխանցեն Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: