Կրկին ոտնձգություն Կարո Եղնուկյանի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ արդեն երկրորդ անգամ ոտնձգություն է կատարվել Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի նկատմամբ։
Հայտարարությունում ասվում է հետևյալը.
“Ս.թ. հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերվա ընթացքում երկրորդ անգամ ոտնձգություն է կատարվել Նախախորհրդարանի և “Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի գույքի նկատմամբ: Այս անգամ վնասել են նրա անձնական օգտագործման մյուս ավտոմեքենան, որը կայանած է եղել նրա բնակության շենքի բակում: Հիշեցնում ենք, որ երկու օր առաջ` ս.թ. հոկտեմբերի 15-ին, չարագործները վնասել էին նրա մեկ այլ ավտոմեքենայի անվադողերը:
Նախախորհրդարանի քարտուղարությունը հիմնավոր կասկածներ ունի, որ այս անգամ ևս նրա գույքին վնաս հասցնողները Սամվել Ալեքսանյանի շրջանակի մարդիկ են: Ավելին`երևույթն արդեն ուրվագծվում է որպես Կարո Եղնուկյանի և նրա ընտանիքի դեմ ծրագրված ահաբեկչական գործողությունների շարք:
Նախախորհրդարանի քարտուղարությունը հիմնավոր կասկածներ ունի նաև, որ այս ամենը կատարվում է պետական կառավարման համակարգի` ի դեմս դատախազության և ոստիկանության, անմիջական հովանավորությամբ և ուղղորդմամբ: Այդ մասին են վկայում Կարո Եղնուկյանի հանդեպ Սամվել Ալեքսանյանի շրջանակի կողմից շաբաթներ շարունակ անարգել կերպով ատելություն ու թշնամանք հրահրելու և սերմանելու գործողությունները, ապա նաև` դրանց իրագործմանն ուղղված սպառնալիքներն ու նրա գույքը վնասելու քայլերը, ինչպես նաև դրանց նկատմամբ դատախազության և ոստիկանության հանցավոր անտարբերությունն ու անգործությունը, որը դրսևորվում է նաև Կարո Եղնուկյանի և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը անհեթեթ հիմնավորումներով մերժմամբ: 
Որպես ասվածի ավելի ընդհանրական ապացույցներ են իրավապահ մարմինների հանցավոր անգործությունը կառուցապատողի կողմից հանրապետական նշանակության հուշարձան Ծածկած շուկան վնասելու և ապօրինի շինարարություն կատարելու ակնհայտ փաստերն անտեսելու ու օրենքով սահմանված համապատասխան քայլեր չձեռնարկելու, ինչպես նաև կառուցապատողի հանցավոր արարքներն ամեն կերպ արդարացնելուն ուղղված նրանց գործողությունները:
Համակարգի այսպիսի վարքը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ծածկած շուկայի ազատագրումը միայն մշակութային ժառանգության կամ օրենքն ու պետականությունն անտեսող օլիգարխի ձեռքը բռնելու պայքար չէ: Այն ի սկզբանե եղել և օրըստօրե ավելի ու ավելի է ուրվագծվում ու հասունանում որպես մեր երկիրը և ժողովրդին կեղեքող համակարգը փոխելու, ազգի ու պետության լինելիության համար մղվող ազգային-ազատագրական պայքարի կարևոր մաս և յուրօրինակ մոդել:
Ուստի մենք պարտավոր ենք հաղթանակով ավարտել “Ծածկած շուկայի համար մղվող պայքարը: Այդ պատճառով Նախախորհրդարանի քարտուղարությունը բոլոր առողջ ուժերին ու անհատներին կոչ է անում համախմբվել Ծածկած շուկան ազատագրելու պայքարի մեջ”:




Լրահոս