Ֆրանսիան շոկի մեջ է հերթական ահաբեկչությունից, որի արդյունքում ավելի քան 80 մարդ է զոհվել և հարյուրավոր մարդիկ վիրավորվել, գրում է The Guardian-ը:
Պարբերականի խոսքով՝ այդ հարձակումը կարելի է դասել ամենաարյունալի հարձակումների թվին, որի սկիզբը դրվեց 2015թ. հունվարին, երբ սպանվեցին Charlie Hebdo երգիծական ամսագրի աշխատակիցները:
Փարիզի նոյեմբերյան ահաբեկչություններից հետո, հիշեցնում է պարբերականը, ֆրանսիական իշխանություններն արտակարգ դրություն հայտարարեցին, որը թույլ տվեց ոստիկանությանը հետախուզում անցկացնել առանց լիազորագրի և մարդկանց նստեցնել առանց դատական գործընթացների:
«Մեր երկիրը պատրաստ չէր դրան: Այժմ մենք պետք է պատրաստ լինենք»,-այդ ժամանակ հայտարարել էր հետախուզության ղեկավարը:
«Ֆրանսիան այդպես էլ չպատրաստվեց հնարավոր հարձակումներին, ինչի մասին խոսում է Նիսի հարձակումը»,-գրում է պարբերականը:
Հոդվածում նշվում է նաև, որ Ֆրանսիայի համար վերջին երկու տարին վատագույնն են դարձել՝ նացիստական օկուպացիայի տարիներից ի վեր:
Հիշեցնենք, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: