Փարիզում կխոնարհվեն դրոշները ի հիշատակ Նիսի ահաբեկչության զոհերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում դրոշները կխոնարհվեն` ի հիշատակ Նիսում հուլիսի 14­-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով ՏԱՍՍ­ը, նման որոշում է ընդունել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Ահաբեկչությունից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ և կատարվածն անվանել «բացարձակ դաժանության գործողություն»: «Մեր երկրին հարված է հասցվել նրա ազգային տոնի օրով: Հանցագործության ահաբեկչական բնույթն ակնհայտ է»,­ ասել է Օլանդը: Նա հայտնել է երկրում արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարացնելու իր որոշման մասին:

Օլանդի խոսքով` «Ֆրանսիան հայտնվել է իսլամական ահաբեկչության վտանգի ներքո»: Հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահը մայրաքաղաքում համապատասխան կառույցների հետ ունեցած խորհրդակցություններից հետո հուլիսի 15­-ին`օրվա երկրորդ կեսին կայցելի Նիս: Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14­-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-­ի: Եվս 18 մարդ գտնվում է ծայրահեղ վիճակում: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Հաղորդվում է, որ վարորդը սպանվել է ոստիկանների կողմից:




Լրահոս