Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Մեր նախագծի հաջորդ մարզիկն աթլետ Գոռ Ներկարարյանն է (հեռացատկ), ով Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Ուկրաինայում կայացած վարկանիշային մրցաշարում: Նա ծնվել է 1993 թվականին Վանաձոր քաղաքում: Աթլետիկայով զբաղվում է 13 տարեկանից: Մինչ աթլետիկայով զբաղվելը՝ Գոռը հասցրել է իր ուժերը փորձել նաև ֆուտբոլում և մարմնամարզությունում:
Նա Բրազիլիայում ապրելու փորձ ունի, քանի որ մոտ 1,5 տարի ապրել և մարզվել է այնտեղ: Իր խոսքով՝ արդեն ծանոթ է բրազիլացիների «նիստ ու կացին», Ռիոյին և գիտի, որ բրազիլացիների շարքերում կգտնվեր մարդիկ, ովքեր կերկրպագեն հայ մարզիկներին:
–Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Նման բաների լուրջ չեմ վերաբերում:
–Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Առաջին հերթին ծնողներիս, բայց նրանց ներկայությունը գուցե ավելի կմեծացնի լարվածությունը:
–Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
-Պայքար, ուժեղագույնների մրցակցություն և լավագույնի ձգտում:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Հայ և բրազիլացի մարզիչներիս հետ:
–Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
-Լավ արդյունքով: