Միջազգային գիտաժողով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքն սկսեց “Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ” թեմայով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպվել է Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ և աջակցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան: Իրենց մասնակցությունն են բերում Մայր Աթոռի միաբաններ, Քույր Եկեղեցիների հոգևորականներ, ՀՀ պետական կառույցների, ՀՀ և եվրոպական համալսարանների, միջազգային քրիստոնեական և հասարակական կազմակերպությունների, Հայաստանի տարբեր կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ:
Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Սրբազան Հայրն իր խոսքում կարևորեց երկօրյա ժողովի անցկացումը Մայր Աթոռում` վստահություն հայտնելով, որ քննարկվող նյութերը մեծապես կնպաստեն միջեկեղեցական և միջպետական փոխհարաբերությունների առավել արդյունավորմանը:
Բացման արարողությանը մասնակիցներին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը փոխանցեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի գլխավոր քարտուղար դոկտոր Գի Լիագրան` ընդգծելով այն բացառիկ դերակատարությունը, որ ունի Հայ Եկեղեցին էկումենիկ միջեկեղեցական կառույցների, մասնավորապես Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի աշխատանքներում:
Առաջին նիստին զեկույցներով հանդես եկան պրոֆ. Մարկո Վենտուրան (Լյուվենի Կաթոլիկ համալսարանի Եկեղեցական իրավունքի ֆակուլտետ) և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական և Պաշտոնական մամուլի բաժնի տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը: