Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի աշխատակից Էդգար Ջանոյանից ArmLur.am-ն տեղեկացավ. «Այսօր ոստիկանություն են բերվել ութ անձ` երեք տրանսպորտային միջոցներով, կատարվում են համապատասխան ստուգումններ»:
Նշենք, որ նրանց մեջ է եղել քրեական հեղինակություն՝ Արմեն Հարությունյանի (Արմեն Կանևսկոյ) եղբայրը ՝ Արտյոմ Հարությունյանը (Արտյոմ Կանևսկոյ):
Հիշեցնենք, որ «Չորրորդ իշխանություն» -ն օրերս գրել էր, որ ուրբաթ օրը՝ հուլիսի 8-ին, երկրի մի շարք կարկառուն դեմքեր, օրենքով գողեր և այլ հայտնի ֆիգուրներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանը, մասնակցել են քրեական աշխարհում հայտնի հեղինակության՝ Վստրեչի Ապերի հոր քառասունքին:
Հոգեհացի արարողությունն իրականացվել է «Արգիշտի» ռեստորանային համալիրում: Հենց այնտեղ էլ հայտնի է դարձել, որ ռեստորանի հարևանությամբ դարանակալվել են քիլլերների ջոկատները: Չարագործները չեն հասցրել գործի անցնել, երբ հոգեհացի մասնակիցներից մեկի թիկնազորի ներկայացուցիչներին կասկածելի են թվացել այն ավտոմեքենաները, որոնց մեջ տեղավորված է եղել քիլլերների 7-8 հոգանոց խումբը» :
Իհարկե դժվար է ասել, թե այս երկու իրադարձությունների մեջ ինչ-որ կապ կա թե ոչ: