Հայաստանի պետական պարտքը շարունակում է հաստատուն տեմպերով աճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական պարտքը շարունակում է հաստատուն տեմպերով աճել: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը հասել է 5 միլիարդ 343 միլիոն 800 հազար դոլարի նշաձողի:

Սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ ամիս առաջ պետական պարտքը կազմում էր 5 միլիարդ 270 միլիոն 600 հազար դոլար: Այսինքն՝ ընդամենը մեկ ամսում պետական պարտքն ավելացել է 73 միլիոն 200 հազար դոլարի չափով:

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի պետական պարտքը երկու մասից է բաղկացած՝ արտաքին եւ ներքին: Արտաքին պարտքը միջազգային ֆինանսական կազմակերպություններից, բանկերից եւ օտարերկրյա կառավարություններից վերցված վարկերն են: Այս տարվա հունիսի ընթացքում պետական պարտքն աճել է 36 միլիոն 800 հազար դոլարով եւ դարձել է 4 միլիարդ 468 միլիոն 900 հազար դոլար:

Ներքին պարտքը, որը գոյանում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից թողարկված պետական պարտատոմսերի հաշվին, այս տարվա հունիսին աճել է 36 միլիոն 300 հազար դոլարի չափով: Ներքին պետական պարտքը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 874 միլիոն 800 հազար դոլար:

Ի դեպ, այս տարվա վեց ամիսների ընթացքում պետական պարտքի միայն տոկոսավճարների վրա արդեն իսկ ծախսվել է 44 միլիարդ 500 միլիոն դրամ, կամ նույն է, թե շուրջ 93 միլիոն դոլար: Հայաստանի ամենամեծ պարտատերը «Զարգացման միջազգային ընկերակցությունն» է, որին Հայաստանը պարտք է 1 միլիարդ 143 միլիոն 600 հազար դոլար` ընդհանուր վարկային պարտքի 37,5 տոկոսը: Հայաստանի հաջորդ խոշոր պարտատերը «Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկն» է, որին Հայաստանը պարտք է մոտ 482 մլն դոլար` ընդհանուր վարկերի 15,8 տոկոսը: Հայաստանի պարտատերերի պատվավոր երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ասիական զարգացման բանկը», որին մեր երկիրը պարտք է 421 միլիոն դոլարից մի փոքր պակաս գումար: Միջազգային վերը նշված երեք ֆինանսական կազմակերպություններին Հայաստանն իր մեկ տարվա պետական բյուջեի չափ գումար է պարտք:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1 միլիարդ 566 միլիոն 400 հազար դոլար: Այսինքն՝ հունիսին, այս տարվա մեջ առաջին անգամ, միջազգային պահուստները աճել են: Բանն այն է, որ մինչ այս ,ընթացիկ տարվա սկզբից սկսած անընդհատ արձանագրվում էր միջազգային պահուստների նվազում: Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում միջազգային պահուստները 1 միլիարդ 740 միլիոն 200 հազար դոլարից նվազել էին մինչեւ 1 միլիարդ 532 միլիոն դոլարի:

Այսպիսով՝ պարտադրված ենք արձանագրել, որ Հայաստանի պետական կառավարման համակարգը շարունակում է գոյատեւել լրացուցիչ պարտքերի ներգրավվման հաշվին: Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե այսպես դեռ երկար կարող է շարունակվել, բայց դա այդպես չէ: Բոլոր այն երկրները, ընկերությունները, ընտանիքները, որոնք զարգացման հեռանկար չեն ունեցել, իրենց ռեսուրսները վատնել եւ գոյատեւել են զուտ նոր պարտքեր կուտակելու հաշվին, վաղ թե ուշ սնանկացել են: Պատկերացրեք մի ընտանիք, որի տան գլուխը խաղամոլ եւ հարբեցող է, բայց ընտանիքի անդամները չեն կարողանում կամ չեն համարձակվում նրա ձեռքից վերցնել ընտանիքի տնտեսության կառավարման ղեկը, միակ բանը, որ կարողանում են անել, տանից փախչելն է` այլեւս չվերադառնալու խոստումով: Ընտանիքի բոլոր անդամների վաստակածը, ստեղծածը գնում է այդ խաղամոլի եւ հարբեցողի գրպանը, եւ նա այն մսխում է: Նման ընտանիքը դատապարտված է քայքայման:

Հայաստանի տնտեսությունն այժմ վերը բերված ընտանիքին բնորոշ իրավիճակում է: Այսինքն՝ խնդիրը ոչ թե լրացուցիչ պարտքեր ներգրավելու մեջ է, այլ դրանք ծախսելու: Եթե ՀՀ կառավարությունը իր բնույթով լիներ օրինական, այն է՝ պաշտոն զբաղեցնող անձինք լինեին պետական ծառայողներ, ոչ պետության փողերով միլիարդատերեր դարձած անձինք, ապա պարտքով վերցված ամեն մի ցենտ կարող էր ազդել մեր երկրի տնտեսության վրա: Սակայն հայկական իրողությունն այլ է, եւ այն զարգացման երկու ուղի ունի. ներկա իշխանությունները կարող են իրենց ազդեցությունը պահպանել եւս մի քանի տարի եւ երկրի տնտեսությունը տանել քայքայման, կամ էլ նրանք պետք է հեռանան իշխանությունից:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս