40 ՐՈՊԵ` ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ ՀՀ իշխանությունները միջազգային ասպարեզում գնալով կորցնում են իրենց կշիռը, պարզ է դառնում ամեն քայլափոխի: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Մոսկվայում ընդունել էր ոչ թե նրա պաշտոնակիցը` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, այլ նրա տեղակալները: Իսկ Բրյուսելում էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպել է ԵԽ փոխնախագահ Յացեկ Պրոտասիեւիչը: Այնինչ նախորդ` հունվարին կայացած այցի ժամանակ Աբրահամյանին ընդունել էր ԵԽ նախագահ Մարտին Շուլցը:
ԵԽ փոխնախագահի հետ Հ. Աբրահամյանի հանդիպումը տեւել է բավական երկար` մոտ 40 րոպե: Այդ ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը, ըստ էության, բացատրություններ է տվել Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական վերջին դեգերումների վերաբերյալ ու մեկնաբանել, թե ինչու ՀՀ-ն եվրաինտեգրացիայի ճանապարհի կեսից հայտարարեց ՄՄ-ին անդամակցելու մասին: Հ. Աբրահամյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, թե ինքը ԵԽ փոխնախագահին է ներկայացրել ՄՄ-ին անդամակցելու ՀՀ իշխանությունների որոշման պատճառները ու հավաստիացրել, որ դա չի հակասում եւ չի ազդելու ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա: «Հակառակը, մենք շարունակելու ենք ամրապնդել, ակտիվացնել, զարգացնել մեր շփումները Եվրամիության հետ, եւ դա բխում է մեր ժողովրդի, մեր պետության շահերից, եւ ժողովրդի, իշխանությունների գիտակցված ընտրությունն է: Ես բացատրեցի, որ Մաքսային միությանը անդամակցելը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով եւ բխում է մեր պետության շահերից: Ես կարծում եմ, որ ինքը ընկալեց,-ասել է Աբրահամյանը` հավելելով,-իհարկե, ի սկզբանե իրենք շատ բացասական են վերաբերվում մեր այդ որոշմանը, բայց դա բխում է մեր պետության շահերից: Ես բացատրեցի մեր գործընկերոջը, որ դա ընդհանրապես կապ չի ունենալու ապագայում մեր համագործակցության հետ: Մենք շարունակելու ենք մեր սերտ համագործակցությունը Եվրամիության հետ եւ շարունակելու ենք Եվրամիության հետ միասին Հայաստանում բարեփոխումներ իրականացնել»:
Նկատենք, որ այս ամենն արվում է միջազգային ասպարեզում Սերժ Սարգսյանի դեմքը փրկելու համար: Ընդ որում, հիմա ՀՀ իշխանությունները փորձում են անել ամեն ինչ, որպեսզի Սերժ Սարգսյանն իրավունք ստանա մասնակցել նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին: Նույնիսկ հիմա փորձ է արվում ԵՄ-ի հետ համագործակցության նոր փաստաթուղթ մշակել` Վիլնյուսում այն ստորագրելու համար: Պատահական չէ, որ Լիտվայի սեյմի փոխխոսնակ Գիդեմինաս Կիրկիլասը հայտարարել է, թե Հայաստանը մտադիր է շարունակել ակտիվ մասնակցությունը Արեւելյան գործընկերության ծրագրին՝ չնայած, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու մտադրության մասին: Միաժամանակ նա նշել է, թե մինչեւ վիլնյուսյան գագաթնաժողով Հայաստանը մտադիր է ամրապնդել ԵՄ եւ նրա անդամ երկրների հետ քաղաքական երկխոսությունը:
Այսքանից հետո հետաքրքիր է, թե ինչպես է Սերժ Սարգսյանն իրեն զգալու Վիլնյուսում. համենայնդեպս, դատելով ՄՄ-ին անդամակցելու հայտարարությանը հետեւած եվրոպացիների արձագանքներից՝ նրա հանդեպ հազիվ թե նորմալ վերաբերմունք լինի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս