Ով է Իսպանիայում ձերբակալված հայազգի գործարարը և ինչ կապ ունի ՀՀԿ-ի հետ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իսպանիայում փողերի լվացման կասկածանքով օրերս ձերբակալված հայ գործարար Արման Մայիլյանը, ըստ շրջանառվող տեղեկությունների, հայաստանցի է` ծնունդով Աշտարակից: Երիտասարդ գործարարը, ըստ լուրերի, շատ սերտ կապերի մեջ է գործող իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի: Ավելին՝ Արտաշատի քաղաքապետ, վարչապետի որդի Արգամ Աբրահամյանն Արման Մայիլյանի երեխայի կնքահայրն է: Քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Արգամն ու Արմանը հաճախակի հանդիպումներ են ունենում Հայաստանում եւ Իսպանիայում:

Երեկ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ Արման Մայիլյանն օգնում է հայաստանյան պաշտոնյաներին Իսպանիայում անշարժ գույք ձեռք բերելու հարցում եւ արդեն իսկ հասցրել է բազմաթիվ չինովնիկների համար տներ ու բնակարաններ ձեռք բերել: Մայիլյանի ֆեյսբուքյան էջի պատին նրա լուսանկարում ընդգծված երեւում է ՀՀԿ-ի կրծքանշանը, ինչից կարելի է ենթադրել, որ գործարարը նաեւ ՀՀԿ անդամ է: Մենք փորձեցինք պարզել՝ Մայիլյանն իրո՞ք Արգամ Աբրահամյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է: Արտաշատի քաղաքապետարանի ընդունարանում մեր հարցը լսելուն պես ասացին, թե «անձնական հարց է, պետք է անձամբ ճշտել քաղաքապետից»:

Իսկ քիչ անց փոխանցեցին քաղաքապետի պատասխանը. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Ինչ վերաբերում է Մայիլյանի ֆոտոյում երեւացող ՀՀԿ կրծքանշանին, ապա ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանն այսպես պատասխանեց. «Դա մինիմում ֆոտոմոնտաժ է: Մենք այդպիսի անուն-ազգանունով ՀՀ քաղաքացի կուսակցության անդամ չունենք»: Հարցին՝ իսկ ինչո՞ւ է հենց ՀՀԿ-ի եւ ոչ թե այլ կուսակցության կրծքանշանը ֆոտոմոնտաժ արվել Մայիլյանի կրծքին, Թադեւոսյանն արձագանքեց. «Հարցրեք նրանց, ովքեր նման լուրեր գրել են, տարածել են կամ այդպիսի հետեւություններ արել են»: Իսկ իրեն հայտնի՞ է իշխող վերնախավի հետ Մայիլյանի կապերի մասին: «Հայտնի չէ, եւ չեմ էլ ցանկանում այս պահին այդ հարցին անդրադառնալ»:

Մի քանի ուշագրավ փաստ ներկայացնենք Մայիլյանի կյանքից: Նա 18 տարեկանում՝ 1995թ.-ին, հեռացել է Հայաստանից, մեկնել Գերմանիա՝ որպես ազատ ոճի ըմբշամարտիկ, այնուհետեւ՝ 1998-ից, Իսպանիայի Բարսելոնա քաղաք: Հայաստանից արտագաղթած երիտասարդը տարիներ անց հիմնել է սկզբում շինարարական ընկերություն, դրան զուգահեռ զբաղվել սպորտով՝ մասնավորապես ըմբշամարտով, որն էլ մեծ դեր է խաղացել գործարարի կյանքում: Այժմ Մայիլյանին է պատկանում Բարսելոնայում գտնվող Իսպանիայի թոփ 10 ռեստորաններից մեկը՝ «Յուբարին»: Բացի այդ, նա Բարսելոնայում հիմնել է սպորտդպրոց, որը բազմաթիվ սաներ ունի, նրանց մեծ մասը հայեր են: Նրան է պատկանում նաեւ տուրիստական Norluxury անվամբ կազմակերպությունը: Մայիլյանը երեք երեխաների հայր է: Նա այս ընթացքում հաճախ է այցելել Հայաստան, հանդիպել երկրի բարձրաստիճան այրերին, ինչպես նաեւ լավ հարաբերությունների մեջ է Իսպանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցի հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս