ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՆԱՆԿՈՒՄ
Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ եթե ընթացիկ տարվա սկզբին մսեղիքի շուկայական գինը կազմում էր 2600-2700 դրամ, փափկամսինը՝ 3300-3800 դրամ, իսկ խոզի եւ ոչխարի մսինը՝ 2800-3000 դրամ, ապա արդեն սեպտեմբերի վերջին նկատվել է տավարի մսեղիքի 8-9%, խոզի մսի 11% եւ ոչխարի մսի 15% գնանկում: Ներկայումս հանրապետության բոլոր մարզերում մսի իրացման համար գիրացված տավարի եւ ոչխարի գլխաքանակը 10%-ով, իսկ խոզերինը՝ ավելի քան 15%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրացման ենթակա անասնագլխաքանակի ցուցանիշը:

ԱՅՐՎԵԼ Է
Նախօրեին՝ ժամը 01:49-ին, հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի 10-րդ փողոցի թիվ 13 տան բակում: Այրվել է գյուղի բնակիչներից մեկին պատկանող 1000 հակ պահեստավորված անասնակերը: Լեռնակերտի ղեկավար Մովսես Մովսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ դեռ հայտնի չէ, թե անասնակերն ինչու է այրվել. «Դա տեղի է ունեցել ուշ գիշերին, բոլորն էլ քնած են եղել: Ու չգիտեն, թե ինչից է եղել: Հավանաբար հետո կպարզվի»: Մովսիսյանի խոսքով՝ ընտանիքն այրված անասնակերը հավաքել էր ձմռան համար, եւ հրդեհի արդյունքում հիմա հայտնվել է անելանելի դրության մեջ: Ընտանիքին օգնելու նպատակով գյուղապետը պատրաստվում է գյուղի մակարդակով դրամահավաք կազմակերպել:

ԿՏՈՒԳԱՆՎԵՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) տեղեկացնում է, որ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներից միայն մեկի մոտ է վերջնականապես ախտորոշվել սիբիրախտ: Անասունը պատկանում է Հարթագյուղի բնակիչ Հայկազ Խաչատրյանին: Հիվանդ կենդանու մսեղիքը՝ 55 կգ, եւ կաշին համապատասխան կարգով ոչնչացվել են: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ՍԱՊԾ ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարթագյուղի թվով 7 բնակիչների մոտ սիբիրախտի նախանշաններ են առկա: Պարզվել էր, որ համայնքում սեպտեմբերի 23-ին եւ 24-ին 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների հարկադիր մորթ էր իրականացվել՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենդանիների սպանդին ներկայացվող պահանջների խախտմամբ: Նշենք, որ Հարթագյուղի բոլոր խոշոր եղջերավոր կենդանիները կրկնապատվաստվել են հակասիբիրախտային պատվաստանյութով: Սպանդին ներկայացվող պահանջների խախտմամբ մորթ իրականացրած բնակիչների նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ. նրանք համապատասխան կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության: Այս պահի դրությամբ Հարթագյուղում հիվանդության նոր դեպքեր չկան:

ԱՎԵԼԱՑԵԼ Է
2013թ. 9 ամիսների ընթացքում գազ սպառող բաժանորդների թիվն ավելացել է 6734-ով: Իսկ այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 645.285 բաժանորդ: «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ավելացած 6734 բաժանորդներից 837-ը սեպտեմբերին են միացել, ինչը 9 ամիսների արդյունքներով ամենաբարձր ամսական ցուցանիշն է:




Լրահոս