ՎՐՈՑԼԱՎՈՒՄ ԿՄՐՑԻ ՄԵՐ ԵՌՅԱԿԸ
Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հոկտեմբերի 16-27-ը կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Իսկ մինչ այդ ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի գլխավորությամբ երկու ուսումնամարզական հավաք է անցկացրել Աբովյանում, մեկը՝ Ծաղկաձորում: Մեր երկիրը կներկայացնեն Սմբատ Մարգարյանը (56 կգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ) եւ գերծանրքաշային Հայկ Հակոբյանը: Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո գլխավոր մարզիչն ասել էր, որ 2013թ. մրցումներին կտանի հերթափոխի կանգնած տղաներին, որպեսզի հայտնի մարզիկները լիովին ապաքինվեն վնասվածքներից, ու մեր թիմը մարտական կազմով մասնակցի հաջորդ երկու տարիների օլիմպիական վարկանիշային աշխարհի առաջնություններին: Այսինքն՝ պետք է կարողանանք առնվազն 5-6 ծանրորդով հանդես գալ «Ռիո-2016»-ի օլիմպիական խաղերում: Վերջում հավելենք, որ Սմբատը եւ Հայկը Եվրոպայի մեծահասակների առաջնությունում արդեն արժանացել են արծաթե մեդալի, իսկ Հայկը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:
ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, տեղի ունեցան ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումները։ Հայաստանի հավաքականը Նեապոլում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց B խմբի առաջատար Իտալիայի թիմի հետ: Դանիան տանը 6:0 հաշվով հաղթեց Մալթային, վաստակեց 16 միավոր եւ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ Չեխիան 1:0 հաշվով հաղթեց Բուլղարիային եւ զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
B խումբը 22 միավորով գլխավորեց Իտալիայի հավաքականը, մեր հավաքականը 13 միավորով 5-րդն է, նույնքան միավորով 4-րդը Բուլղարիան է։ Մալթան 3 միավորով եզրափակեց աղյուսակը։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Նեապոլում կայացած մամուլի ասուլիսում խոսելով Իտալիայի հետ կայանալիք հանդիպման մասին, մասնավորապես նշել է, որ դեռեւս պարզ չէ՝ արդյոք Արզումանյանն ու Օզբիլիսը պատրաստ են առաջիկա խաղին: Ըստ նրա՝ մեր հավաքականը դեռեւս հաջորդ փուլ դուրս գալու շանս ունի, եւ, եթե հաղթենք, պետք է սպասենք մյուս խմբերի արդյունքներին: Վարդան Մինասյանը հավատում է, որ Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլում հայտնվելու շանսեր ունի, քանի որ թիմը մեծ ներուժ ունի։ Բացի այդ՝ հիշեցնենք, որ եզրափակիչ փուլում ավելի շատ՝ 24 թիմ է հանդես գալու:
ՁՅՈՒԴՈՅԻՑ ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒՆԵՆՔ
ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը տեղեկացնում է, որ ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Դերմիշյանի (66 կգ) մասնակցությունը 2014թ. օգոստոսի 16-28-ը Չինաստանի Նանջինգ քաղաքում անցկացվելիք պատանեկան ամառային օլիմպիական երկրորդ խաղերին: Ծրագրում ընդգրկված մյուս մարզաձեւերի վարկանիշային մրցաշարերը հիմնականում տեղի կունենան 2014թ. առաջին կիսամյակում: