ՌԵԿՏՈՐԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՄԵՂԱԴՐԱՆՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր դիմել ԵՊՀ-ի նախկին աշխատակից Նվերա Գալստյանը՝ բողոքելով Երեւանի պետական համալսարանում տիրող իրավիճակից: Տիկնոջ ներկայացմամբ՝ ԵՊՀ-ում բարձիթողի վիճակ է ու համատարած անարդարություն, եւ այդ ամենի թիվ մեկ մեղավորը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն է:
«Բարեբախտություն եմ ունեցել երկար տարիներ աշխատել մայր բուհի` ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքում եւ հարգանք ու ակնածանք տածել նախորդ 4 ռեկտորների հանդեպ: Եթե նրանք մայր բուհ մտան հանրային մեծ ճանաչումով եւ գիտական մեծ վաստակով, ապա 5-րդի` Արամ Սիմոնյանի մասին նույնն ասել չեմ կարող»,-նման կարծիք հայտնեց ԵՊՀ-ի նախկին ավագ տեսուչ Նվերա Գալստյանը:
«Նախընտրական շրջան էր, եւ բաժինները լցվեցին ժամանակավոր կարիերիստ ուսանող-աշխատակիցներով, նորելուկ անիրազեկ բաժնի վարիչներով եւ պետերով` լիազորված բոլոր արտոնություններով: Եվ ինչքան էլ պնդեն, թե բուհը քաղաքականացված չէ, թող հիշեն, թե ինչպես բաժնի վարիչները, աշխատանքը լքած, շրջում էին մարզերում: Դասախոսներից մեկը կաշառակերության մեջ մեղադրվեց հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակ, իսկ մյուս պրոֆեսորը անչափահաս ուսանողուհու հետ փախուստի դիմելուց հետո հեռացվեց համալսարանից»,-ներկայացրեց Ն. Գալստյանը: Նրա խոսքով` 5 րոպե ուշացման համար ԵՊՀ-ում աշխատողներին զրկում են աշխատավարձից, իսկ բանսարկուների համար հավելագրումներ անում:
«Մեկ տարի առաջ ավարտվեց աղմկահարույց մի դատավարություն` համալսարանի գրադարանի հնատիպ եւ հազվագյուտ գրականության անհետացման հետ կապված: Համալսարանը կրեց անվերականգնելի կորուստ, որի արդյունքում տվյալ բաժնի վարիչն ընդամենը ազատվեց աշխատանքից եւ վերջ: Այնուհետեւ հայտնի դարձավ հաշվապահության սկանդալը. իբրեւ թե 2 ավագ հաշվապահ կանայք 3 տարի շարունակ համակարգչային աճպարարությամբ յուրացրել են մի քանի տասնյակ միլիոնի հասնող ուսանողական վարձավճարներ: Բայց համալսարանում այդ կանանց անմեղությանը ոչ ոք չի կասկածում»,-նշեց տիկինը:
ԵՊՀ-ի նախկին աշխատակցի հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Վերջինս տիկնոջ կողմից ներկայացվածը զրպարտություն որակեց: «Այդ տիկինը համալսարանում հայտնի է որպես անբարեխիղճ աշխատող եւ այդ պատճառով էլ հեռացվել է աշխատանքից: Տարիներ ի վեր դատական ատյաններում փորձում է վարկաբեկել համալսարանը, սակայն, բնականաբար, ոչ մի արդյունքի չի հասնում: Նա ամիսներ շարունակ աշխատանքի չէր ներկայանում առողջական խնդիրների պատճառով, բժշկի թույլտվության թերթիկներ էր ներկայացնում եւ այլն: Զարմանում եմ, որ մինչեւ հիմա չի հոգնել իմ ու համալսարանի անունը զրպարտելուց: Իր ներկայացրած իբր տեղեկություններից ոչ մեկն իրականությանը չի համապատասխանում»,-ասաց ԵՊՀ ռեկտորը:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս