ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աստված արգելո՞ւմ է մարմնի վրա դաջվածքներ անել: Եվ ընդհանրապես, Հայ առաքելական եկեղեցին ինչպե՞ս է վերաբերում մարմնի վրա կատարվող դաջվածքներին, մասնավորապես խաչին:

Հարություն Ամրոյան (30 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Թեեւ մարմնի վրա նկարելը հնուց եկած սովորություն է, սակայն Աստվածաշնչում երբեք այդ մասին ոչինչ չի ասվել երեւի այն պարզ պատճառով, որ ո՛չ հրեաների, ո՛չ էլ Աստվածաշնչում հիշատակվող այլ ազգությունների մոտ այդպիսի սովորություն չի եղել: Հետեւելով աստվածաշնչյան խորհուրդներին՝ Եկեղեցին մեզ սովորեցնում է, որ մկրտությամբ մարդու մարմինը դառնում է Սուրբ հոգու տաճար: Եթե մարդը քրիստոնյա է, եւ նրա մարմինը Սուրբ հոգու տաճար է, ապա կարելի՞ է այդ տաճարի վրա ինչ-որ պատկերներ նկարել: Ընդունելի չէ անգամ խաչի դաջվածքը մարմնի վրա: Խաչի հանդեպ վերաբերմունքը պետք է արտահայտել այլ ձեւերով:
Դաջելու սովորությունը գալիս է հեթանոսական դարաշրջանից, եւ քրմերը մոգական ինչ-ինչ նշաններ եւ մոգական բառեր էին դաջում իրենց մարմնի եւ դեմքի վրա: Դրանք կրում էին կրոնական ինչ-որ բնույթ: Այսօր նույնպես մարդը մարմինն օգտագործում է որպես դաջվածքների կտավ: Եկեղեցին պաշտոնապես իր դիրքորոշումը չի արտահայտել այդ հարցի վերաբերյալ:
Երբ Երուսաղեմ են գնում ուխտագնացության, ապա այնտեղ, ըստ ցանկության, ուխտավորի թեւին կամ ուսին դաջում են ուխտագնացությունը փաստող դաջվածք: Ինչ վերաբերում է խաչին, ճիշտ կլինի մարմնի վրա կրել ոչ թե դաջվածք, այլ իրական խաչ՝ օրհնված հոգեւորականի կողմից: Ըստ իս, ճիշտ կլինի, որ քրիստոնյան իր մարմինը դաջվածքներով չպատի: Ոմանք մտածում են, թե դաջվածքով արտահայտում են իրենց սերն ու նվիրումը անձի կամ գաղափարի նկատմամբ, սակայն ավելի իրական եւ գնահատելի է այդ սերն արտահայտել գործերով:

Օրհնությամբ՝ տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Թեեւ դաջվածքների վերաբերյալ Հայ առաքելական եկեղեցին ընդգծված բացասական վերաբերմունք չունի, սակայն պատասխանում հստակ նշված է՝ որեւէ գաղափարի նկատմամբ սերը գերադասելի է արտահայտել գործերով, այլ ոչ թե դաջվածքներով:




Լրահոս