Պետության միջոցների հաշվին միլիոնատեր դարձած ներկա ու նախկին պաշտոնյաները աստիճանաբար առաջ են մղում իրենց զավակներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ներկա իշխանական համակարգը, որը ձեւավորվել է դեռեւս 2000-ականների սկզբին եւ արդեն 15 տարվա պատմություն ունի, աստիճանաբար գնում է սերնդափոխության. պետության միջոցների հաշվին միլիոնատեր դարձած ներկա ու նախկին պաշտոնյաները աստիճանաբար առաջ են մղում իրենց զավակներին, փեսաներին, զավակների ընկերներին եւ այսպես շարունակ:

Սակայն «ոսկե զավակներին» հենց այնպես միանգամից չեն դարձնում պատգամավոր, նախարար կամ փոխնախարար: Օրինակ՝ իրավաբանի կրթությամբ «ոսկե զավակներին» մինչեւ դատավոր կամ դատախազ դարձնելը, մի քանի տարի փորձարկում են քննիչի կամ որեւէ գերատեսչության իրավաբանի պաշտոնում, նոր միայն նրանց տալիս իրենց համար պահված պաշտոնը:

Տնտեսական կրթություն ունեցող «ոսկե զավակների» առաջխաղացումն էլ մինչեւ վերջերս իրականացվում էր պետական գերատեսչությունների կառույցում գործող տարատեսակ կազմակերպություններում նրանց աշխատանքի տեղավորելու միջոցով: Նման կազմակերպությունների հմայքն այն է, որ դրանք գործում են բոլորի աչքից հեռու, դրանց աշխատակիցների ով լինելու մասին էլ ոչ ոք չի իմանում, նրանց կենսագրական տվյալները չեն հրապարակվում, եթե անգամ հրապարակվում էլ են, միեւնույն է՝ դրանցից չես կարող կռահել, թե ով ում «ոսկե զավակն» է:

2008 թվականից սկսած, երբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Տիգրան Սարգսյանը, պետական կառավարման համակարգի ներսում սկսեցին տարատեսակ` գլամուրային անվանումներով, պետական ոչ առեւտրային կազմակերպություններ ստեղծել: Դրանցում հիմնականում աշխատանքի էին տեղավորվում «ոսկե զավակները», որոնք պետական բյուջեի միջոցների հաշվին կառավարելու «հմտություններ» էին ձեռք բերում: Նման կառույցները, որպես կանոն, մեկ-երկու տարվա կյանք են ունենում, այնուհետեւ դրանք լուծարվում կամ վերակազմավորվում են:

Համանման կառույցներից մեկը ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն է, որը ստեղծվել է 2009 թվականի գարնանից: Այս կառույցի գործառույթները կարելի է հետեւյալ կերպ բնորոշել. ստեղծված է ամեն ինչի, հետեւաբար ոչնչի համար: Այսպես՝ նշված ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում նրա գործառույթների մասին գրված է. «Կենտրոնը իրականացնում է նորարարությունների, նորամուծական գաղափարների զարգացման գործընթաց` աջակցելով դրանց առեւտրայնացման նախապատրաստման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը՝ մատուցելով գիտատեխնիկական տեղեկատվական եւ գրադարանային ծառայություններ: Տեղեկատվական ռեսուրսների ձեւավորում` արտացոլելով ՀՀ գիտատեխնիկական եւ նորարարական ներուժը»:

Այսինքն՝ կարելի է կարծել, թե Հայաստանի խնդիրը գաղափարների պակասն է: Այլ կերպ ասած՝ մարդիկ ցանկանում են գործարարությամբ զբաղվել, կարող են այդ անել, բայց չգիտեն՝ ինչ անեն, եւ վերը նշված կառույցը մարդկանց «հուշում» է, թե ինչ բիզնեսով կարող են զբաղվել: Իրականում Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հարցում խնդիրը եղել եւ մնում է հավասար պայմանների հնարավորությունը: Մարդիկ Հայաստանից գաղափարներ չունենալու պատճառով չեն արտագաղթում: Նրանք հեռանում են, որովհետեւ չեն ցանկանում իշխանության ղեկին կանգնած մարդկանց համար հարստանալու միջոց լինել, մարդիկ արտագաղթում են, որովհետեւ իրենց երեխաներին փորձում են ավելի կայուն հեռանկար ապահովել եւ այսպես շարունակ:

Վերը նշված ՊՈԱԿ-ի գործունեությունն ապահովելու համար տարեկան ծախսվում է ավելի քան 150 միլիոն դրամ: Մասնավորապես, ընթացիկ տարվա համար պետբյուջեից հատկացվել է 152 միլիոն 773 հազար դրամ, որից 127 միլիոն 600 հազար դրամը ծախսվելու է 91 հոգու աշխատավարձ վճարելու համար:
Ի դեպ, բացառված չէ, որ նշված ՊՈԱԿ-ի գործունեության վրա այդ 150 միլիոն դրամից բացի՝ այլ գումարներ էլ են ծախսվում, որոնց մասին հրապարակային փաստաթղթերում տվյալներ չկան: Իսկ թե ինչ էֆեկտիվությամբ են ծախսվում այդ գումարները, դա էլ խոսակցության այլ թեմա է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս