Ինչպես արդեն հայտնել ենք Հայանիստ գյուղի բնակիչներն այսօր առավոտից Գետաշեն թաղամասում բողոքի ակցիա են անցկացնում: Քաղաքացիները պահանջում են լուծել իրենց համայնքի` դեպի Երևան սպասարկող տրանսպորտի խնդիրը: Գյուղացիների պահանջը մեկն է՝ 35 համարի ավտոբուսը սպասարկի նաև Հայանիստ և Գետաշեն թաղամասերին:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Հայանիստ համայնքի ղեկավար Բալաբեկ Սարկիսյանի հետ`պարզելու համար ի՞նչ իրավաիճակ է տիրում գյուղում, և արդյո՞ ք գյուղացիների արդար պահանջին պատկան մարմիններն արձագանքում են, թե ոչ:
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Արդեն 5 տարի է, ինչ 35 համարի տրանսպորտը գալիս է մինչև Խաչպար գյուղ: Մենք էլ Խաչպարին կպած գյուղում ենք ապրում: Խնդրել ենք, պահանջել ենք գրավոր էլ ուղղարկել ենք, էսօր- էգուց են գցել, որ հարցը լուծվի: Չլուծվեց էնքան ժամանակ, մինչև ժողովուրդը ոտքի կանգնեց փակելով Գետաշեն և Հայանիստ գյուղերի խաչմերուկը»:
Գյուղապետի փոխանցմամբ ՝ գյուղն ունի խմելու ջրի, ոռոգման, տրանսպորտի խնդիր: «Հիմա եթե էն մեկը դժվար ա լուծվում, էս մեկը դժվար ա լուծվում, գոնե տրանսպորտի խնդիրը լուծեք: Էս իմ ու իմ ժողովրդի խնդրանքն ա »,- ասաց գյուղապետը: Բալաբեկ Սարկիսյանը մեզ հետ զրույցում հավելեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարարի հետ համաձայնության են եկել, որ պետք է 35 համարի երթուղայինը անցնի իրենց գյուղի միջով: «Եթե երկուշաբթի էլ հարցին լուծում չտրվեց բողոքի ցույցը կլինի ավելի մարդաշատ: Ես չեմ կարա ժողովրդի վրա: Իրանց արդար պահանջն ա»,- եզրափակեց գյուղապետը:
Լիդա Եղիազարյան