Ուզում ես՝ ընդդիմադիր լինես, ուզում է՝ նախկին պատգամավոր, պետք է կոռեկտ լինես. Խոսրով Հարությունյանը` պատգամավորների պահվածքի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ խորհրդարանական կառավարման մոդելը ձգտենք մեր երկրում մոտեցնել իդեալական գաղափարի՝ համարելով, որ Հայաստանի համար լավագույն կառավարման ձեւն է, միեւնույն է, խորհրդարանի իմիջը ձեւավորում են ընտրված կամ չընտրված պատգամավորները իրենց վարքով: Որքանո՞վ են այդ պատգամավորները ,համապատասխանումե խորհրդարանականի իմիջին:

Երբ 2016թ. հունվարի 11-ին համացանցում մի քաղաքացի՝ Գայանե Շահինյանը, սահմանի միջադեպի արդյունքում զոհված մի զինվորի հուղարկավորության առիթով քննադատել էր իշխանություններին ու ՊՆ-ին, որին ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանն արձագանքել էր ,Լակոտ, աչքերդ կհանեմե ձեւակերպմամբ: Փետրվարի 29-ին Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը Շուշան Պետրոսյանի հարցով որոշեց, որ երգչուհի պատգամավորն ընդամենը խրատել է ֆեյսբուքյան օգտատիրոջը եւ չի խախտել պատգամավորի էթիկայի նորմերը:

ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանն էլ պատգամավորին ոչ վայել պահվածք էր դրսեւորել՝ հրապարակավ սպառնալով բռնաբարել ու գլխատել բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել:

Իսկ, ահա, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին, ասել էր. ,Քաք ա կերել էդ ասողը, ՍԵրժ Սարգսյանը հող վերցնող է, հող հանձնող չէե:

Այսպես կարելի է շարունակել պատգամավորների կողմից էթիկայի կոնոնները հրապարակավ չպահպանելու դրսեւորումները, սակայն դրանց արձագանքին, որը եղել է ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի կողմից, միեւնույն է, պատկերը չի փոխվում: Ի՞նչ անել քաղաքակիրթ Ազգային ժողով ունենալու համար:

«Ժողովուրդ»-ը առկա իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, միգուցե հանձնաժողովը վերանայի՞ մոտեցումները եւ առավել խիստ պատիժներ սահմանի էթիկայի կանոնները խախտած պատգամավորների համար, որ նրանք զգոն լինեն:

-Եթե Դուք ուզում եք օբյեկտիվ երեւալ, ուրեմն շարունակեք, որ մեր ընդդիմադիրները նույպես կարող են նման բան անել: Եթե Դուք պատգամավորի էթիկայի առանձնահատկությունները նկատել եք, ապա, որպես կանոն, բերում եք միայն հանրապետականների օրինակը: Ձեզ ասում եմ՝ վերջին նիստին տեսա՞ք Հրանտ Բագրատյանի վարքը. ,հլը մի դուրս արի, տեսնենքե, դրանից առաջ՝ Արամ Մանուկյանը, հանրահավաքի ժամանակ՝ հայհոյանք: Ինձ մոտ տպավորություն է, որ Ձեզ ասում են էթիկայի կանոնները խախտող պատգամավոր, Դուք պատկերացնում եք հանրապետականներին:

-Բայց պատկերը այնպիսին է, որ ավելի կոպիտ արտահայտություններով հանդես են գալիս ՀՀԿ-ականները:

-Չէ՛, չէ,, ասացեք, խնդրեմ, երբ Զարուհի Փոստանջյանը հավաքում էր բոլոր քվեարկության քարտերը, դա էթիկայի կանոնների կոպտագույն խախտո՞ւմ չէր:

-Դուք համարում եք՝ բռնաբարելու սպառնալի՞քն է ավելի կոպիտ խախտում, թե՞ քարտերը հավաքելը:

-Հո անպայման չի՞ հայհոյել: Ինձ զրկել քվեարկության իրավունքից, նույնչափ վտանգավոր է, նույնչափ կոպիտ խախտում է, որքան մեկի նկատմամբ անհարգալից արտահայտվելը:

-Լավ, ունենք նման պատկեր ե՛ւ ընդդիմադիր պատգամավորների, ե՛ւ իշխանական պատգամավորների դեպքում, ի՞նչ է անում հանձնաժողովը՝ նրանց կարգի հրավիրելու համար: Առավել խիստ պատժամիջոցների ժամանակը չէ՞:

-Էթիկայի հարցերի հանձնաժողովը այստեղ շատ պարզ գործառույթներ ունի: Կա Ազգային ժողովի կանոնակարգ: Կանոնակարգում կա 6-րդ հոդված եւ 24-րդ հոդված, որոնց շրջանակներում կարգավորվում է էթիկայի հարցերի հանձնաժողովի գործունեությունը: Ըստ Ձեր սպասելիքների՝ որպեսզի Էթիկայի հանձնաժողովը ավելի կոշտ, ավելի խիստ պատժամիջոցներ կիրառի, ապա դա պետք է արվի կանոնակարգի մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով: Իսկ կանոնակարգի մեջ փոփոխություն անելու խնդիրը ցանկացած պատգամավորին է, դա էթիկայի հարցերով հանձնաժողովի պատասխանատվության շրջանակների մեջ չի մտնում: Իմ ֆունկցիան է որպես պատգամավոր, բայց իմ ֆունկցիան չէ որպես հանձնաժողովի անդամ կամ պատգամավոր:
Երկրորդը՝ կարծում եմ, որ միայն կանոնակարգում որեւէ բան փոխելով, պատժամիջոցները խստացնելով՝ խնդիրը չի լուծվի:

– Ո՞րն է լուծումը:

-Խնդիրը մեր մեջ է, յուրաքանչյուրիս մեջ՝ թե՛ պատգամավորների, թե՛ լրատվամիջոցների: Դուք հիմա կզարմանաք՝ մենք ինչ կապ ունենք: Օրինակ՝ էթիկայի կանոնները կամ վարքագծի ոչ ընդունելի դրսեւորումները Դուք շատ տենդենցիոզ եք ներկայացնում, խնդրում եմ՝ սա ընդունել որպես խորհուրդ: Եթե Դուք ուզում եք օգնել բոլորիս, ապա հավասար չափով, մտահոգությամբ, ոչ թե դաղելու, խայթելու, որովհետեւ իմ կողմից վարքագծի կանոնները խախտելը նունչափ վնասակար է Ձեզ համար, հետեւաբար Դուք պետք է այն ներկայացնեք սեփական մտահոգություն որպես մի քաղաքացի, որը իրավունք ունի մտահոգվել, որ որեւէ մեկը էթիկայի կանոն է խախտել, ոչ թե չարախնդրորեն փորձել է դրանից օգտվել եւ երկարաժամկետ հեռու գնացող քաղաքական եզրակացություններ անել: Իրենք՝ պատգամավորներն էլ պետք է այս մասին մտածեն, Դուք երեւի նկատել եք, որ ես ինձ երբեւէ թույլ չեմ տա նույնիսկ ամենածայրահեղ պայմաններում նման բան թույլ տալ: Շատ շատերը Ազգային ժողովում հետեւում են իրենց վարքին, խոսքին, կոռեկտ են արտահայտվում ամենազայրացած պահին, քանի փորձում են գտնվել կոռեկտության սահմաններում :

-Իսկ ի՞նչ անել ոչ կոռեկտների հետ:

-Ես կարծում եմ, որ ընդհանուր մթնոլորտը պետք է պահանջ ներկայացնի, որ պարտավոր են կոռեկտ լինել. ուզում ես՝ ընդդիմադիր լինես, ուզում է՝ նախկին պատգամավոր լինես, ուզում է՝ ոչ ընդիմադիր հանրապետական լինես, բոլորը պետք է կոռեկտ լինեն:

-Այսինքն՝ խնդիրը տեսակի մե՞ջ է:

-Խնդիրը ոչ թե տեսակի մասին է, այլ խոսքը գնում է հանրության կողմից հանրության քաղաքական գործչի ներկայացվող պահանջների մասին՝ անկախ նրանից՝ ով կարող է նա լինել, քանի որ մենք պատրաստ ենք ներողամտաբար արդարացնել ընդդիմադիր գործիչի ցանկացած կեղծվածք հիմնավորել, բայց քաղաքական մեծամասնության որեւէ ներկայացուցչի կեցված մենք պատրաստ ենք դաղել, ես դա համարում եմ անօգտակար:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան, Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս