«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողների դատին հանձնել բլից-հարցազրույցների շարք` հայ հայտնիների հետ: Դրանց շրջանակներում վերջիններս աչքի կընկնեն իրենց անկեղծ խոստովանություններով, քչերին հայտնի դրվագների բացահայտմամբ: Այս անգամ մենք զրուցել ենք հումորիստ-դերասան Վաչե Թովմասյանի հետ:
-Վաչե՛, Ձեր անունն ընտրել է…
-Մայրիկս: Ասեմ, որ իսկական անունս Վաչագան է, բայց բոլորն ինձ Վաչե են ասում:
-Մեկը, ումից միշտ սովորում եք:
-Ես միշտ աշխատում եմ տարբեր մարդկանց հետ շփվել, որոնք արժանի են հարգանքի` իրենց աշխատասիրության եւ համառության շնորհիվ, որ նրանցից սովորելու բան ունենամ: Առհասարակ, իմ ընկերներն իրենց ոլորտի հաջողակ մարդիկ են:
-Յուրահատուկ շնորհ, որ ունեք, եւ որի մասին քչերը գիտեն:
-Քչերը գիտեն, որ ես պատանեկության շրջանում ուժեղ լողորդ էի, 15 տարեկանում Հայաստանի չեմպիոն եմ եղել: Հիմա արդեն միայն իմ հաճույքի համար եմ լողով զբաղվում:
-Ուտեստ, որ սիրում եք պատրաստել:
-Գոյություն չունի մի բան, որ կարողանում եմ պատրաստել (ծիծաղում է): Ես ստեղծում եմ միջոցներ, որոնց շնորհվ կարողանում եմ ձեռք բերել իմ ուզած ուտելիքը:
-Ասացվածք, որի հետ համաձայն չեք:
-«Մի՛ ունեցիր հարյուր դահեկան, ունեցի՛ր հարյուր բարեկամ»: Համաձայն չեմ այնքանով, որ մարդ չի կարող ունենալ 100 բարեկամ, ավելի կոնկրետ նկատի ունեմ` ընկեր…
-Բեմի մարդը երբեք չպետք է…
-Անլուրջ վերաբերվի իր աշխատանքին:
-Բեմը կհամեմատեք…
-Օդապարիկով թռիչքի հետ. բեմ դուրս գալն իրոք ադրենալին է: Իսկ հուզմունքը, որ զգում ես դրանից առաջ, նույնիսկ օգնում է, եթե դա չլինի, հնարավոր է՝ մի բան չստացվի:
-Ձեր մարմնավորած ամենահաջող կերպարը:
-Կարծում եմ` ժողովրդի կողմից ամենասիրված կերպարը «Վիտամին»-ի շրջանակներում կերտած գավառցի տատիկն է: Մինչեւ հիմա մարդիկ ցիտում են նրա խոսքերը:
-Նպատակ, որից չեք կարողանում հրաժարվել:
-Ես իմ առջեւ երբեւէ մեծ նպատակներ չեմ դնում, որովհետեւ այդ դեպքում դրանց հասնելուց հետո միշտ հիասթափություն ես ապրում: Նախընտրում եմ իմ առաջ դնել փոքրիկ «նպատակիկներ» եւ քայլ առ քայլ հասնել դրանց:
-Երբ փորձում են Ձեզ կոտրել…
-Եթե մարդը իր նպատակին լուրջ է վերաբերվում, կողմնակի գործոններից չի կոտրվի:
-Ձեր անվան շուրջ պտտվող ամենածիծաղելի բամբասանքը:
-Օրինակ` այն, որ ասում էին, թե ես իբր աղանդավոր եմ:
-Մի երեւույթ շոու-բիզնեսում, որի հետ այդպես էլ չհաշտվեցիք:
-Որ բոլորը «մտերիմ են»… Իրար տեսնում են ու սկսում` «վա՜յ», «վու՜յ», «ամա՜ն»:
-Մարդու մեջ առաջինը գնահատում եք…
-Բարությունը:
–Կանանց շրջանում Ձեզ նյարդայնացնում է…
-Ոչ միայն կանանց, այլեւ բոլոր մարդկանց դեպքում չեմ կարողանում հանդուրժել ստելու հակվածությունը:
-Մեկը, ում մոտ մխիթարվում եք:
-Կինս:
-Ձեզ կարող է նեղացնել այն մարդը, ով…
-Ով ինձ շատ մտերիմ է. անծանոթը դա չի կարող: Պետք է շատ հարազատ մարդ լինի, որ իմ զգացմունքների վրա ազդեցություն ունենա:
-Աշխարհ, որտեղ լիաթոք հանգստանում եք:
-Գրեթե չի լինում, որ լիաթոք հանգստանամ, բայց, առհասարակ, ծով եմ սիրում, «ջրային» մարդ եմ:
-Սիրելիի հետ պատրաստ եք անգամ…
-Ամեն ինչի եմ պատրաստ:
-Հարց, որը Ձեզ շատ է տանջում:
-Արդյո՞ք ամբողջ աշխարհը պատկանում է մասսոններին, եւ այն կառավարում են մի քանի հոգի, եւ արդյո՞ք տարբեր երկրների ղեկավարներ իրականում պարզապես խամաճիկներ են:
-Ձեր կյանքը կարելի է համարել ստացված, եթե…
-Եթե ինձ հաջողվի տեսնել իմ երեխաների բարեկեցիկ կյանքը:
Աննա Բաբաջանյան