Երգչուհի Լիանան, ով արդեն շուրջ 4 տարի է` նոր տեսահոլովակ չի նկարահանել, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ պատրաստվում է վերականգնել կազմվածքը եւ վերադառնալ բեմ: Երգչուհու խոսքով` երեխայի խնամքի հարցում ինքը շատ բծախնդիր է, ուստի վերջին տարիներին ամբողջովին նվիրվել էր որդուն` մոռանալով սեփական կարիերայի մասին: Նա սահմանափակվում էր միայն նոր երգերի ձայնագրությամբ: Այժմ Լիանան մի քանի նոր երգ ունի (հեղինակ` Անուշ Ալեքսանյան), որոնք գործիքավորման փուլում են: Բացի այդ՝ երգչուհին պատրաստվում է տեսահոլովակ նկարահանել մի դուետի հիման վրա, որի վերաբերյալ մանրամասներ հայտնել դեռ չի կարող:
Լիանան պատմեց, որ որդին` Ալենը, արդեն մանկապարտեզ է այցելում, երաժշտասեր տղա է, անգամ հասցրել է մի քանի լեզու սերտել: Քանի որ, ինչպես արդեն նշեցինք, երգչուհին զավակի դաստիարակության հարցում մաքսիմալիստ է, դեռ չի շտապում երկրորդ երեխան ունենալու մասին մտածել: Լիանան պատմեց, որ սկսել է այցելել մարզասրահ, լողի, հետեւում է իր սննդակարգին եւ արդեն հասցրել է նիհարել 12 կգ-ով. «Մինչեւ զավակիս ծնվելը ես 4-5 ամսում նիհարել էի 25 կգ-ով, այնպես որ, ինձ համար դա բարդ չէ, կարեւորը տրամադրվածությունն է: Բեմը սիրում է բարեկազմ, հմայիչ արտիստի, ուստի մտադիր եմ դիմել նաեւ քթի վիրահատության»,-ասաց նա:
Անդրադառնալով նոր երգերին` հետաքրքրվեցինք՝ Երեւանի, սիրո մասին բազմաթիվ հիթեր կատարող երգչուհին արդյոք մտադիր է երգել նոր թեմաների մասին. «Այո, երգերիցս մեկը ընկերների մասին է: Այդ թեման ինձ շատ հարազատ է: Ես շատ մտերիմներ ունեմ, բայց իսկական ընկերները քիչ են: Ինքս ուղիղ խոսող մարդ եմ, եւ ինձ հետ այդ առումով դժվար է, ես հասկանում եմ… Եթե որոշ մարդիկ մի քանի երես ունեն եւ կարողանում են հմտորեն փոփոխել դրանք, իմ դեպքում դա չի գործում: Ես հավատարիմ ընկեր եմ եւ ակնկալում եմ ստանալ նույն վերաբերմունքը»,-եզրափակեց Լիանան:
Աննա Բաբաջանյան