«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Բացահայտելով միայն նրանց էությանը բնորոշ առանձնահատուկ գծերը` վերջիններիս կճանաչենք բոլորովին նոր կողմերից: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանն է:
-Մերի՛, երազե՞լ եք էկրանի մարդ դառնալ:
-Այո՛, շատ եմ ցանկացել լինել այս ասպարեզում, բայց ամեն ինչ ինքնաբերաբար, ինքնըստինքյան է ստացվել. հատուկ բաներ չեմ արել, որ հասնեմ դրան:
-Իր, որ միշտ ցանկացել եք ունենալ:
-Միշտ ուզեցել եմ իմ անունով կուլոն ունենալ:
-Ձեր սիրելի փոխադրամիջոցը:
-Իմ մեքենան, որը արդեն 5-րդ տարին է, ինչ վարում եմ: Ասեմ, որ պարտաճանաչ վարորդ եմ, միայն չեմ սիրում ամրագոտի գցել. անհարմար է: Մյուս առումներով կարգապահ եմ, թեեւ սիրում եմ արագություն, եւ այն դեպքերում, երբ օրենքով թույլատրվում է, արագ եմ վարում:
-Խուսափում եք ներկա գտնվել…
-Գործի բերումով տարբեր միջոցառումների կարեւոր մաս եմ կազմում, բայց, միեւնույն ժամանակ, անընդհատ ետնաբեմում եմ լինում: Չեմ գնում տեղեր, որտեղ մարդիկ անընդհատ նայում են ինձ, լուսանկարում, այլ այցելում եմ այնտեղ, որտեղ ինձ հարմար է ու հաճելի:
-Էկրանին լինելու հաճույքը կհամեմատեք…
-Այդ հաճույքն անսահման է, որը ոչ մի բանի հետ չես կարող համեմատել: Առաջին անգամ ես էկրանին հայտնվել եմ հաղորդման շրջանակում, դրանից հետո արդեն հեռուստասերիալում` «Դժվար ապրուստ»-ի ժամանակ: Այդ Ձեր ասած հաճույքը, սերը, ծափահարությունները, լավ ու վատ մեկնաբանությունները, որ ստացել եմ, եղել է հենց սերիալից հետո:
-Ձեր սիրելի ֆիլմը:
-Ինձ համար սիրելի են այն բոլոր ֆիլմերը, որոնցում իր մասնակցությունն ունի դերասանուհի Պենելոպե Քրուզը:
-Կա՞ մի հորդոր, խորհուրդ, որ երբեք չեք մոռանա:
-Իմ ստացած ամենակարեւոր խրատը, խորհուրդը չստելն է: Իսկ ինչ վերաբերում է մասնագիտականին, ապա ասեմ, որ այդ առումով լավագույն խորհրդատուն մայրս է: Նա թեեւ մասնագետ չէ, բայց իր ինտուիցիայի շնորհիվ զգում է շատ բաներ:
-Եթե Ձեր համբերության բաժակը լցվում է, սովորաբար…
-Հնարավոր է` զայրանամ եւ զայրույթս արտահայտեմ, հնարավոր է նաեւ լուռ հեռանամ: Ընդ որում, առաջինը գրանցվում է մտերիմների հետ հարաբերություններում. զայրանում ես, բայց շուտ էլ ներում ես կամ քեզ են ներում:
-Ձեր հանդեպ կատարված դավադրություն, որը ուժ տվեց:
-Բացի ինձանից` ոչ ոք եւ ոչինչ չի կարող ինձ ուժ տալ: Ես լավատես եմ, հաճախ չեմ ուզում ինչ-որ բաներ նկատել: Բայց, այո, հիշեցի. եղել է կոլեգա, որը ազդել է իրադարձությունների վրա այնքանով, որ ես այժմ չկամ մի նախագծում, որտեղ պետք է լինեի: Հիմա մտածում եմ, որ երեւի թե այդպես ճիշտ էր:
-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Վերջերս իմ անվան շուրջ պտտվում է մի բամբասանք, որն ինձ վրա շատ ազդում է: Կոռեկտ կլինեմ եւ անուն չեմ տա, բայց ինձ կապում են հայտնի օլիգարխներից մեկի հետ, որին ես բոլորովին չեմ ճանաչում: Այդ մարդուն հանդիսությունների ժամանակ եմ տեսել հեռվից, անգամ չեմ բարեւել: Բոլորն են ծիծաղում այդ խոսակցությունների վրա: Ինձ համար ահավոր է, որ մարդը, ում հետ շփվում եմ, գնում է ինչ-որ տեղ ու ասում. «Քիթս կտրեմ` այդ երկուսը իրար հետ են»: Դա շատ ցավալի է եւ զայրացնող:
-Ճակատագրի մարդ եք, թե՞ գործի:
-Ես դեռ փորձում եմ հասկանալ, թրծման փուլում եմ, չեմ կարող պատասխանել այդ հարցին:
-Ո՞ւմ հետ կհասնեիք թեկուզ աշխարհի ծայրը:
-Իհարկե, մի մարդու հետ, որին վստահում եմ անմնացորդ` մորս, նաեւ իմ սիրելիի հետ, որը չկա:
-Շարունակե՛ք միտքը. «Մարդը երբեք չպետք է մոռանա, որ…
-Երեւի թե երբեք չպետք է մոռանա իր անցյալը, բայց միեւնույն ժամանակ, չպետք է ապրի դրանով. հասկանա, որ ունի ներկա եւ գնում է դեպի ապագա:
Աննա Բաբաջանյան