ԱԱԾ պաշտոնապես հայտնում է, որ այսօր առավոտյան տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով կա մեկ զոհ, երկու վիրավոր:
«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել այսօր առավոտյան տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ: Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս եկուսը՝ վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:
ՀՀ իրավապահ մարմիններն ամբողջութամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար: Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվություն տարածելիս օգտագործել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալները, հակառակ դեպքում սփռվող ապատեղեկատվությունը նպաստում է ձեռնարկված հանցավոր գործողությունների իրականացմանը, վտանգ ստեղծում մարդկանց կյանքի և առողջության համար», ասվաում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի մոտ 3 տասնյակ կողմնակիցներ, լուսադեմին «Կռազ» մակնիշի մեքենայով կոտրել են ոստիկանության դարպասները, ներխուժել, կրակոցներ արձակել եւ պատանդ են պահում այնտեղ եղած ոստիկաններին: