«Ոսկե ծիրան»­-ի կազմակերպիչներն ու ժյուրիի անդամներն ամփոփեցին անցած կինոփառատոնի ձեռքբերումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոսկե ծիրան» 13­- րդ միջազգային կինոփառատոնն ավարտված է: Այդ կապակցությամբ փառատոնի կազմակերպիչներն ու ժյուրիի անդամները ասուլիսի ընթացքում ամփոփել են այս տարվա «Ոսկե ծիրան»­ի արդյունքներն ու կատարած աշխատանքը: Ոջույնի խոսքից հետո կինոփառատոնի հիմնադիր­տնօրեն Հարություն Խաչատրյանը հայտնեց, որ այս տարվա պատվավոր հյուրը` անգլիացի դերասանուհի Ժակլին Բիսեթն այսօր հեռանում է Երևանից: Ժյուրիի նախագահ, մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշեց, որ «Ոսկե ծիրան» կինփառատոնը շատ բարձր մակարդակ է ապահովում: «Այս ընթացքում մենք ծանոթացանք ոչ միայն շատ լավ ֆիլմերի, այլև ժյուրիի անդամների ու կինոյին նվիրված մարդկանց հետ»,­ ասաց մաեստրոն՝ հավելելով, որ դա կինփոռատոնի մեծագույն ձեռքբերումներից է: Ժյուրիի անդամ, գերմանացի կինոռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենն ընդգծեց, որ համաձայն է Տիգրան Մանսուրյանի այն կարծիքի հետ, որ փառատոնը շատ հետաքրքիր և համագործակցային ոգով է անցել:

«Մենք մանրազնին դիտեցինք բոլոր ֆիլմերը, և քննարկումների մակարդակը շատ ավելի խորն էր, քան պարզապես այս կամ այն ֆիլմը հավանել­չհանավելը»,­ «Արմենպրես»­ի փոխանցմամբ` նշեց Քելեմենը: Ժյուրիի անդամներից ֆրանսիացի ռեժիսոր Պիեր Լեոնն իր հերթին ասաց, որ ժյուրիի բոլոր անդամները շատ տարբեր էին, և նրանց հետ աշխատելը բավական հետաքրքիր էր: «Ես նույնիսկ զարմացա, որ մենք այդքան հեշտությամբ որոշում կայացրինք` հաղթող ֆիլմերի ըտրության հարցում»,­ ավելացրեց Լեոնը:

Նա նաև ընդգծեց, որ չունի որևէ մրցանակ, բայց ուրախ է, որ հնարավորություն ունեցավ շնորհել դրանք ուրիշներին: «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի ժյուրիի անդամ Մարինա Ալեսն իր հերթին նշեց, որ դժվար էր լինել ժյուրիի միակ հայը: Նրա համար շատ կարևոր էր լսել օտար մասնագետների գնահատականներն ու կարծիքները հայկական կինոյի վերաբերյալ: «Ֆիլմն այնպես պիտի խոսի իր հողի անունից, որ ուրիշ հողի բնակիչ էլ «կարդա»: Սա բարձրագույն նպատակն է կինոյում և գուցե խնդիր մեր կինոյի համար»,­ խոսելով «Բալերի անուններ» ֆիլմի մասին՝ ասաց կինոգետ Դավիթ Մուրադյանը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն այս տարվա փորձությունը հաղթահարված է համարում: Նա նշեց, որ ընտրված բոլոր ֆիլմերն ի սկզբանե նպատակ են ունեցել ներկայացնելու հասարակ մարդկանց պատմությունները ժամանակի մեջ:




Լրահոս