Ովքեր այսօրվա ընթացքում բերման ենթարկվեցին (ցանկ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտյան «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Այնուհետև պարբերաբար տեղեկություններ սկսեցին տարածվել բերման ենթարկվածների մասին: Ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում քաղաքական ակտիվությւոն ունեցող մարդկանց: Ներկայացնում ենք մինչ այս պահը բերման ենթարկված անձանց անունները:

1. «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյան: Թե ինչ հիմնավորմամբ են տարել նրան, ոստիկանները ոչինչ չեն ասել:

2. «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյան:

3. Սյուզան Սիմոնյան: «Նոր Հայաստանի» տարածած հաղորդագրության մեջ ասվում էր.«Ապստամբությանը չմասնակցող Սյուզան Սիմոնյանին մի խումբ ոստիկաններ այցելեցին և հրավիրեցին ոստիկանություն: Սակայն նա չի ընդունել հրավերը, ասելով, որ միայն բերման ենթարկելու սանկցիայի առկայության դեպքում կարող է ենթարկվել և բերման ենթարկվել: Ոստիկանները լքեցին նրա բնակարանը»

4. Կարո Եղնուկյանի որդին՝ Էլմոն Եղնուկյան:  «Մեր տուն ոստիկաններ են եկել առանց ծանուցագրի, խնդրում են հայրիկիս գնալ իրենց հետ, քանի որ ազգային անվտանգության հարց է, եւ հայրիկս կարող է օգտակար լինել ազգային անվտանգության ծառայությանը»,-վերջինս նման գրառում էր կատարել` հրապարակելով տեսանյութ՝ դատելով տեսանյութից՝ Կարո Եղնուկյանը դուռը չի բացել եւ հրաժարվել է օժանդակությունից:

5. Խորենացի 45 շենքի մոտից ոստիկանները մի քանի երիտասարդի են տարել մեքենայով:

6. Աշտարակի ոստիկանությունն այսօր առավոտյան ժամը 7-ին բերման է ենթարկել ակտիվիստ Միքայել Նազարյանին:

7. Լրագրող Լեւոն Բարսեղյանը տեսանյութով ներկայացրել է, թե ինչպես է ոստիկանությունը փորձում իրեն բերման ենթարկել:

8. Պարույր Հայրիկյանը հայտնել է, որ նրանք փորձում են ճշտել, թե իրենց կուսակցության անդամները որտեղ են գտնվում. «Այսօր չեմ շտապում որեւէ բան ասել, որովհետեւ գիտեմ, շատ մարդկանց են փորձել մեկուսացնել, գործի հետ անգամ չեն կապում, մեկին ասում են անվտանգության համար, մյուսին ուրիշ բան, դեռ չգիտեմ»,- A1+-ի հետ զրույցում ասել էր նա:

9.  Հիմնադիր խորհրդարանի Լոռու մարզի անդամ Հասմիկ Էվոյանը շարունակում է գտնվել Ոստիկանության բաժնում:

10. 14.20-ին բերման է ենթարկվել ԱԻՄ-ական Գագիկ Սարուխանյանը։

11. Էրեբունիում տիրող լարված իրադրությանը զուգահեռ քաղաքացիներ են բերման ենթարկվել նաև Ազատության հրապարակից: Բերման ենթարկվածների թվում է նաև Վարդգես Գասպարին:

12. Ազատության հրապարակից բերման են ենթարկվել ակտիվիստ Ալբերտ Բաղդասարյանը իր մի խումբ ընկերների հետ:

Հիշեցնենք, որ  «Սասնա Ծռեր» խմբի անդամները պահանջում են, որ ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվի, իսկ Սերժ Սարգսյանն էլ հրաժարական տա և իշխանությունը փոխանցվի ժողովրդին:




Լրահոս