ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, թե ՎՊ-ում աշխատանքային վիճակ է տիրում, եւ չի քննարկվում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի մնալ-չմնալու հարցը:
-Պարո՛ն Ավագյան, արդեն որքան ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը չի շարունակելու պաշտոնավարել: Դուք որեւէ տեղեկություն ունե՞ք այդ մասին:
-Չէ՛, մեզ նման տեղեկություններ չեն տրվում: Մեր գործառույթների մեջ չի մտնում այդ խնդիրը: Վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է: Ինչպես գիտեք, հանրապետության նախագահը թեկնածուին առաջարկում է Ազգային ժողովին, այդ մեխանիզմով էլ ընտրվում է ՎՊ նախագահը: Այդ հարցը լուծվում է ԱԺ-ՀՀ նախագահ դաշտում, ուստի ՎՊ-ն որեւէ տեղեկություն չի կարող ունենալ:
-Այժմ համառ տեղեկություններ են շրջանառվում, որ այլեւս ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հետ չեք աշխատելու:
-Ես արդեն ասացի, որ այդ հարցը ՎՊ-ի գործառույթների մեջ չի մտնում: Ուստի ես որեւէ բան չեմ կարող ասել այդ մասին:
-Իսկ դուք ձեր մեջ այդ հարցը չե՞ք քննարկել ՎՊ-ում կամ Ի. Զաքարյանի հետ, տեղյա՞կ եք, թե նա ինչպես է վերաբերում այդ հարցին:
-Դուք հիմա մարդկանց անձնական կյանքի մեջ եք մտնում: Քանի որ հարցը ՎՊ-ի գործառույթների մեջ չի մտնում, ապա այդ հարցը մնում է մեզանից դուրս, այդ որոշումը մեզ մոտ չի կայացվում: ՎՊ-ում նման օրակարգ չկա, որպեսզի նման հարցեր քննարկվեն: Ու նման օրակարգ ստեղծելն էլ ճիշտ չէ: Մենք մեր գործառույթներով պետք է զբաղվենք, այն, ինչ մեր դաշտում չէ, ինչո՞ւ պետք է ՎՊ-ն զբաղվի:
-Այդուամենայնիվ, դժվար է հավատալ, որ Դուք տեղեկացված չեք շրջանառվող խոսակցությունների մասին: ՎՊ անձնակազմում այժմ ինչպիսի՞ տրամադրություն է տիրում` հաշվի առնելով ղեկավարի փոփոխության հավանականությունը:
-Վերահսկիչ պալատում աշխատանքային վիճակ է, խորհրդի նիստ է տեղի ունեցել, քննարկվել է 2014թ. մեր գործունեության ծրագիրը: Տարին վերջանում է, ստուգումների մեջ ենք, ամեն մեկն իր գործերի, իր հոգսերի, աշխատանքային ծրագրերի մեջ է: Սա է Վերահսկիչում տիրող մթնոլորտը: Թե ինչքանով կարողացա Ձեզ փոխանցել տիրող մթնոլորտը, չեմ կարող ասել:
-Սակայն մեր աղբյուրները նշում են, որ այժմ ՎՊ-ում ճամպրուկային տրամադրություն է, ու բոլոր աշխատակիցները մտածում են, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը:
-Գիտեք ի՞նչ, Վերահսկիչ պալատը լուրջ կառույց է, ինչպե՞ս կարող է լինել ճամպրուկային, այն շատ լուրջ պետական ինստիտուտ է եւ, ամեն դեպքում, ինքն իր վրա դրված խնդիրները, գործառույթներն իրականացնում է: Այդ հոգեբանական, էմոցիոնալ բաները Վերահսկիչ պալատին հարիր չեն:
-Երբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները տեղեկացան, որ Աղվան Հովսեփյանը լքելու է իր պաշտոնը, սկսեցին ազատման դիմումները պատրաստել, հնարավո՞ր է՝ ՎՊ-ում էլ նույնը լինի:
-Չէ՛, չէ՛, նման բան չունենք: Մեզ մոտ աշխատանքային վիճակ է տիրում, որեւէ նման բան գոնե ես չեմ նկատում:
-Իսկ ՎՊ անձնակազմի մոտ ցանկություն կա՞, որ Ի. Զաքարյանը շարունակի պաշտոնավարել:
-Գիտեք ի՞նչ, ուզել-չուզելը օրենքի դաշտում չէ, դա մի քիչ քննարկվող կատեգորիա չէ, գեղարվեստական զեղում է: Դա հանրապետության նախագահի կոմպետենցիայի խնդիրն է: Վերահսկիչ պալատի ցանկացած աշխատող պետք է կարողանա, անկախ ղեկավարության փոփոխվել-չփոփոխվելուց, իր աշխատանքները կատարել: Աուդիտորի մոտ այս մոտեցումն է, ուրիշ բան չի կարող լինել:
-Վերջին շրջանում՝ հատկապես ԱԺ-ում 2012թ. ՎՊ հաշվետվությունը ներկայացնելուց հետո, Ի. Զաքարյանի հասցեին հնչեց լուրջ քննադատություն, այդ թվում եւ Սերժ Սարգսյանի կողմից: Նշվեց, որ Ի. Զաքարյանն «իր տեղում չէ» եւ չի կարողանում նորմալ աշխատել: Դուք՝ որպես ՎՊ խորհրդի անդամ, ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս Ի. Զաքարյանը չի կարողանում նորմալ աշխատել:
-Այդ հարցն ուղղակի մեր դաշտի խնդիրը չէ: Վերահսկիչ պալատն ուրիշ կառույց է, քաղաքական զսպվածությունն օրենքի մակարդակով ձեւակերպված է, այն հարցերը, որոնք Դուք այժմ շոշափում եք, դրանք այլ դաշտում են գտնվում: Մեր աուդիտորը կամ Վերահսկիչն իրավունք չունի էմոցիաներով ղեկավարվել: ՎՊ-ն պետք է քննարկի պետական խնդիրները:
ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԱՍԱՑ` ՈՒԶՈՒՄ Է, ԹԵ ՈՉ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ