«Սիրտս մեր տղերքի համար ցավում է կրկնակի, որովհետեւ այնտեղ տղերք կան, ովքեր թշնամու առաջ են կանգնել եւ այն վիճակի համար, որ այդ տղերքը հասել են այնտեղ, որ որոշել են զենք վերցնել: Ինձ համար դա ծանր է շատ, չգիտեմ ինչ ասեմ»,-ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօրվա իրադարձություններին, ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
Վերջինս կարծիք հայտնեց, որ ամեն դեպքում այս վիճակի պատասխանատուն մնում է իշխանությունը: «Բայց այս ամբողջ վիճակի պատասխանատուն, այնուամենայնիվ կա, մնում է եւ մնալուէ իշխանությունը, վստահաբար եմ ասում, որովհետեւ իրենք հասցրեցին այս վիճակին, հասցրեցին խաբեբայությամբ, կեղծ ձեւով, տարիներ շարունակ հալածելով, ուղղակի զզվացրին մարդկանց»,-հավելեց ազատամարտիկը:
Սուրեն Սարգսյանը նաեւ նշեց, որ պայքարի այս ձեւն իր համար ընդունելի չէ: «Եթե այդ ձեւը ինձ համար ընդունելի լիներ, գուցե ես էլ լինեի այդտեղ, բայց ընդունելի չի եւ չեմ էլ պատկերացրել, որ կարող են գնալ: Բայց մի օր մարդկանց համբերությունը հատնում է, պարզապես ոչ թե այդտեղ պետք է գնային, այլ պետք է գնային հրապարակ, պետք է գար ժողովուրդը, պետք է ճիշտ կազմակերպեին, նստեինք զրուցեինք, թե ինչ ենք ուզում: Ոստիկան սպանելը…այնուամենայնիվ, նրանք էլ մերն են էլի, ինձ համար դա էլ ընդունելի չի: Ընդունելի կլինի այն ժամանակ, երբ որ ոստիկանը հարձակվի ժողովրդի վրա, այդ դեպքում կընդունեմ հակադարձելը, բայց գնալ գրավելը, հո՞ թշնամի չեն: Չգիտեմ, մի խոսքով ինձ համար շատ ցավալի է գնահատական տալը, ինչ որ ասում եմ այն էլ կցկտուր»,-եզրափակեց իր խոսքը նա: