ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆԻԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանում պաշտոններ զբաղեցնող մարդիկ կարճ ժամանակում հասցնում են միլիոնների տեր դառնալ, արդեն վաղուց որեւէ մեկին չի զարմացնում: Բայց հետաքրքիրն այն է, որ «կախարդական փայտիկի» էֆեկտով ունեցվածքի տեր են դառնում նաեւ մարզային պաշտոնյաները, որտեղ, թվում է, «փող չկա»:
Ինչո՞ւ ենք հիշել այս մասին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էին եկել մի խումբ էջմիածինցիներ, որոնք վրդովված պատմեցին, որ հերիք չէ՝ Էջմիածնի կադաստրի նախկին պետ Շիրազ Հարությունյանն իր աշխատած տարիներին ունեցվածք է դիզել, հիմա էլ խոսվում է, որ նրան նոր, ավելի բարձր պաշտոն պիտի տան: Նրանք խնդրեցին հրապարակել, որ Շ. Հարությունյանը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, 1997-2009թթ. կադաստրի պետի իր համեստ աշխատավարձով կարողացել է ձեռք բերել 100 հա խաղողի այգիներ, մի քանի թանկարժեք ավտոմեքենա, շքեղ առանձնատուն եւ նույնիսկ ամառանոց: Նրան է պատկանում նաեւ Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնը:
Իսկ ինչ վերաբերում է «Անտառային գեղեցկուհի» ռեստորանին, որը եւս նրան է պատկանում, ապա այս մասով բնակիչները «սարսափ» ֆիլմ հիշեցնող դրվագներ պատմեցին: Տեղեկացնենք, «Անտառային գեղեցկուհի» ռեստորանը գտնվում է Էջմիածնի Ներսիսյան անտառում, որտեղ այն կառուցելու ժամանակ՝ հիմքը փորելիս, բանվորները հողի տակից հանել են մարդկանց ոսկորներ ու գանգեր: Ավելի ուշ պարզվել է, որ ռեստորանի տարածքը եղել է 1915թ. Եղեռնից փրկված, բայց տիֆից, խոլերայից եւ սովից մահացած մարդկանց գերեզմանատեղին: Բայց, չնայած դրան, մեր նախնիների գերեզմանների վրա կառուցվել է սննդի օբյեկտը, ավելին, դեռ շարունակում է գործել: Իսկ անտառը, ըստ էության, վարակի աղբյուր է: Մասնագետների կարծիքով՝ երբ նպաստավոր պայմաններ ստեղծվեն, հնարավոր է՝ տիֆի հարուցիչն ակտիվանա այդ անտառում:
Ինչեւէ, նշենք նաեւ, որ Շ. Հարությունյանն աշխատանքից ազատվել է կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի դուրս գալուց անմիջապես հետո, երբ այդ պաշտոնում նշանակվեց Երվանդ Զախարյանը: Եվ հիմա բնակիչները զայրացած են, որ այսքան խայտառակ պատմություններից հետո շշուկներ են պտտվում, թե Շ. Հարությունյանն առաջիկայում առավել բարձր պաշտոն է ստանալու: «Հիմա ո՞ր ոլորտը պիտի թալանի»,-զայրացած ասաց մեզ հյուրընկալված բնակիչներից մեկը:
Հ.Գ. Որպես թեմայի ամփոփում՝ թերեւս պետք է հիշեցնել այն հայտնի անեկդոտը, որը դիպուկ նկարագրում է հայ ժողովրդի մի հատվածի մեջ մտած չկամությունը. «Իբր իմ դարդը քիչ էր, հարեւանս էլ «Մերսեդես» առավ»: Էջմիածինցիների այցը խմբագրություն գուցե հենց այս «սերիայից էր»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս