ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ԵՄ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ԴԵՄՔԸ ՓՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ ստացել է Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավերը եւ նոյեմբերի 28-29-ին մեկնելու է Լիտվայի մայրաքաղաք` մասնակցելու միջոցառմանը: Նշենք, որ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել ԱՊՀ 5 երկրներ եւս` Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանն ու Բելառուսը: Նրանցից Ուկրաինան պետք է ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, իսկ Վրաստանն ու Մոլդովան` նախաստորագրեն:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Սերժ Սարգսյանը Մոսկվայում Մաքսային միությանը միանալու մասին սեպտեմբերի 3-ի իր հայտնի հայտարարությունից հետո այս ողջ ընթացքում փորձել է օգտագործել հնարավոր ու անհնարին բոլոր միջոցները` համոզելու համար եվրոպացիներին, որ իր առաջ չփակեն վիլնյուսյան գագաթնաժողովի դռները: Մանավանդ որ այս ընթացքում եվրոպացի տարբեր պաշտոնյաների կողմից հնչել են կտրուկ հայտարարություններ` Ս. Սարգսյանի` սեպտեմբերյան հայտնի հայտարարությունից հետո ՀՀ-ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու անհնարինության մասին:
Թեեւ մեծ դժվարությամբ, սակայն ՀՀ իշխանություններին հաջողվել է համոզել եվրոպացիներին` բարեհաճ գտնվել իրենց նկատմամբ: Միայն թե, ինչպես պնդում են մեր աղբյուրները, գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ուղարկելը դեռ չի նշանակում, թե այդպես մեղմվել է ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Ընդհակառակը, Սերժ Սարգսյանին Վիլնյուսում բավական տհաճ ընդունելություն է սպասվում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս ընթացքում եվրոպական մի շարք երկրներ կտրականապես դեմ են արտահայտվել ՀՀ իշխանություններին Վիլնյուս հրավիրելու եւ, առհասարակ, որեւէ փաստաթուղթ ստորագրելու գաղափարին: Այդ քննարկումների ժամանակ կարծիք է հնչել, որ եթե Ս. Սարգսյանը մասնակցելու է վիլնյուսյան գագաթնաժողովին, նշանակում է` պետք է նաեւ կոնկրետ քայլ արվի, փաստաթուղթ ստորագրվի: Սակայն ցանկացած բնույթի փաստաթղթի ստորագրումը Հայաստանին նույն հարթության մեջ կդնի եվրաինտեգրացիայի ճանապարհ բռնած երկրների հետ, ինչը տվյալ դեպքում անընդունելի է: Քննարկումների ժամանակ նաեւ պնդումներ են եղել, որ Վրաստանը եւ Ուկրաինան կարողացան դիմակայել ռուսական ճնշումներին, եւ նույնը կարող էր անել նաեւ Հայաստանը, եւ քանի որ դա չի արել, նրանց կողքին տեղ չունի: Այս համատեքստում պատահական չէ, որ Չեխիայի ԱԳ նախարար Պետր Մարեշը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է. «Ես վստահ չեմ` կլինի արդյոք Հայաստանի մասով առանձին փաստաթուղթ, դրա համար աշխատել է պետք, մեզ ժամանակ է անհրաժեշտ: Ավելի շուտ ես ակնկալում եմ, որ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ինչ-որ փաստաթուղթ կհայտնվի սեղանին: Ինքներդ էլ հասկանում եք` իրավիճակը բարդ է: Առաջին անգամն է, որ մենք փնտրում ենք մի հարցի պատասխան՝ ի՞նչ անել, երբ մի պետություն որոշում է Մաքսային միություն մտնել` միաժամանակ արդեն պատրաստ լինելով ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»:
Ըստ էության, ԵՄ երկրների պաշտոնյաների միջեւ կայացել է որոշակի փոխզիջում, սակայն ոչ թե հանուն Հայաստանի, այլ այդպես ԵՄ-ն փորձում է փրկել իր հեղինակությունը: Ի վերջո, ԵՄ պաշտոնյաներն իրենք էլ են հասկանում, որ Հայաստանի հետ 4 տարի շարունակ տեւած աշխատանքները, ըստ էության, ջուրը լցվեցին, եւ իրենք զրոյական արդյունք են գրանցում: Բացի այդ՝ տեղի ունեցածը խայտառակություն էր նույն ԵՄ-ի համար, քանի որ ստացվում է` Սերժ Սարգսյանը չորս տարի բանակցելուց հետո մանկապարտեզի երեխայի նման պարզապես խաբել է իրենց: Բացի այդ՝ եթե Վիլնյուսում ՀՀ-ի մասնակցությամբ որեւէ գործնական քայլ չարվի, կստացվի, որ այս տարածաշրջանում ԵՄ-ն ուղղակի պարտվեց ՌԴ-ին: Այնպես որ, այդ իրողություններից ելնելով՝ ԵՄ-ն փորձում է առաջին հերթին սեփական դեմքը փրկել:
«Ժողովուրդ»-ն ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից փորձեց ճշտել` Վիլնյուսում ինչ փաստաթուղթ է ստորագրվելու: Պատասխանը, սակայն, հստակ չէր: «Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ, պատրաստ ենք ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, քանի որ դրա մեխը համարվում են քաղաքական բարեփոխումները,-ասաց նա` հավելելով,-ես կարծում եմ` չպետք է շտապել եւ նախապես արդեն կարծիքներ ասել: Բայց հիմա փաստ է, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել երկխոսությունը: Դա կլինի հռչակագիր, համաձայնագիր, ասոցացման համաձայնագրի քաղաքական մաս, նորացված, թե հին փաստաթուղթ՝ չեմ կարող ասել: Բայց էականն այն է, որ մենք պատրաստ ենք շարունակել երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ»:
Այնուամենայնիվ, ինչպես պնդում են մեր դիվանագիտական աղբյուրները, Վիլնյուսում ստորագրվելու է ոչ թե լուրջ փաստաթուղթ, այլ ընդհանրական մի հայտարարություն, որտեղ կշեշտվի, որ Հայաստանը հաստատակամ է ընթանալ եվրոպական արժեքները զարգացնելու ուղիով եւ այլն, եւ այլն: Իսկ ահա գլխավոր փաստաթուղթը` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախագիծը, որի վերաբերյալ տարիներ շարունակ ընթացել են մանրակրկիտ բանակցություններ, կարելի է համարել պատմություն:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս