Հայազն կուսակցության վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Կոչ ենք անում զերծ մնալ հնարավոր արյունահեղությունից
Հայազն կուսակցության վարչությունը, փորձելով ճիշտ գնահատել լուսադեմից Երևանում տեղի ունեցող դեպքերը ու հնարավոր հետևանքները, կոչ է անում իրավապահ մարմիններին ամեն կերպ խուսափել ուժային լուծումներից:
Այս պահին իրավիճակը դեռևս վերահսկողության տակ է, ու ցանկության դեպքում հնարավոր է առանց նոր տուժողների ու զոհերի խաղաղ լուծումներ գտնել: Տեսանյութերից պարզ է դառնում, որ գնդում մնացած ոստիկանության աշխատողների հանդեպ Հիմնադիր խորհրդարանի անդամների վարքագիծը էականորեն տարբերվում էր պատանդ-ահաբեկիչ վերաբերմունքից: Ճիշտ է, բոլորս խորը ցավ ենք ապրում երկու կողմերի վիրավորների և ոստիկանության զոհված գնդապետի համար, այնուամենայնիվ իրավիճակը փրկելու ու հետագա զոհերից խուսափելու համար դեռ ուշ չէ:
Լուսադեմին տեղի ունեցած դեպքերը ու դրանց հետևանքները մեր կողմից չէին կարող անուշադրության մատնվել, ինչի հետևանքով Հայազն կուսակցության մի քանի տասնյակ անդամներ, այլ քաղաքացիների հետ մեկտեղ, գտնվելով Ազատության հրապարակում, ենթարկվել են տարատեսակ հետապնդումների, իսկ նրանցից ոմանք անհայտ ուղղությամբ բերման են ենթարկվել: Այս փաստը մեզ խորը անհանգստություն է պատճառում և պահանջում ենք ներկայացնել բերման ենթարկվածների գտնվելու վայրերն ու նրանց 3 ժամից ավելի պահելու իրավական հիմքերը:
Միաժամանակ պնդում ենք, որ հասարակության լայն արձագանքը կարող է հետագա արյունահեղությունը զսպել, ուստի ակնկալում ենք մտավորականության, երիտասարդության ու հասարակության մյուս բոլոր շերտերի ակտիվ արձագանքը»: