«Ժողովուրդ»-ի խմբագրություն դիմած քաղաքացի Նորիկ Հովհաննիսյանը բնակարանի խնդիր ունի. ավելին քան կես դար փայտաշեն տնակում է ապրում: Պետական մարմիններին ուղղած իր 280-րդ նամակն էլի մերժվել է: Քաղաքացին հույս է ունեցել, որ գոնե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կօգնի իրեն, քանի որ տարիներ առաջ, երբ ԲՀԿ-ի կազմավորման համար անհրաժեշտ են եղել քաղաքացիների ստորագրություններ, կուսակցությունը խոստացել է դրա դիմաց բնակարան տալ, սակայն մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկվել:
Նորիկ Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով ԲՀԿ քաղխորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանին հիշեցրեց իրենց կուսակցության տված խոստումը. «Շուրջ 65 տարի մենք բնակվում ենք փայտյա, կոմունալ հարմարություններից զուրկ տնակում, որը՝ որպես ժամանակավոր կացարան, Գյումուշ հէկ-ի կողմից տրամադրվել է հէկ-ի բանվոր, Մեծ հայրենականի առաջին կարգի հաշմանդամ հանգուցյալ հայրիկիս ընտանիքին: Այժմ մենք շուրջ 14 տարի ապրում ենք մեր մոտի դպրոցին պատկանող հանրակացարանում: Սակայն պատկան մարմինները, ոտնահարելով մեր իրավունքները, այդ տունը համարում են որպես ինքնակամ կառույց, որպեսզի խույս տան համապատասխան պարտականություններից»,-իր կենսակերպն այսպես ներկայացրեց Ն. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` շուրջ 35 տարվա վթարային ակտը ձեռքին՝ դիմել է մարդու իրավունքի պաշտպաններին, ԱԻՆ եւ այլ մարմինների. «Էլ տեղ չի մնացել, որ դիմեմ. տարին միջինը 8 դիմում եմ ներկայացնում, արդեն 280 դիմում գրել եմ եւ ստացել բացասական պատասխաններ: 2011-ին դիմեցի նաեւ ԲՀԿ, Գ. Ծառուկյանը Նաիրա Զոհրաբյանին էր հանձնարարել մեր խնդրով զբաղվել: Տիկին Զոհրաբյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրի խնդրի էությունը: Ես ԲՀԿ-ի կազմավորման համար ավելի քան 150 ձայն եմ հավաքել, 3 անգամ նշանակվել եմ վստահված անձ: Մեզ ԲՀԿ-ից տիկին Նաիրայի միջոցով խոստացան, որ կապահովեն բնակարանով, սակայն մինչ օրս մեր ակնկալիքը չի իրականացվել, խնդրում եմ եւս մեկ անգամ հարգելի տիկին Զոհրաբյանի ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա»:
Արձագանքը լսելու նպատակով զրուցեցինք նաեւ Նաիրա Զոհրաբյանի հետ: «Ես հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր այս կամ այն հարցով դիմում են Գագիկ Ծառուկյանին: Այո՛, նրանք բոլորն էլ օգնության եւ օժանդակության կարիք ունեն՝ բնակարանի խնդիր, ուսման վարձ, արտերկրում բուժվելու գումար եւ այլն: Սակայն Գագիկ Ծառուկյանը օրական նույնատիպ խնդրանքով ստանում է մոտավորապես 100-150 նամակ, եւ կարծում եմ՝ պիտի հասկանալի լինի, որ մեկ մարդը չի կարող իր վրա մի ողջ պետության գործառույթ վերցնել: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այդ դեպքին, ապա տնակում բնակվող քաղաքացուն, ով, ի դեպ, բնակարանով ապահովված որդիներ ունի, «Ծառուկյան» հիմնադրամն առաջարկել էր նոր ֆիննական երկսենյականոց տնակ: Վերջինս, սակայն, հրաժարվեց՝ ասելով, որ ինքն ուզում է երեքսենյականոց բնակարան»,-ընդգծեց Ն. Զոհրաբյանը:
280-ՐԴ ԴԻՄՈՒՄՆ ՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ