ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է այսօր Էրեբունիում տեղի ունեցած դեպքերին.
«Մի՜ սպանիր քո եղբորը
Մեր երկրում կա՞ արդարության լրջագույն ճգնաժամ։ Այո՜։
Մեր երկրում, այո, լրջագույն համակարգային արատներ կան, որոնք այլեւս մեր երկրի անվտանգության լրջագույն սպառնալիք են։ Պե՞տք է օր առաջ փոխել այս ամենը։ Այո՜։
Բայց։ Քաղաքական հարցերը բռնությամբ չպետք է լուծվեն։ Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Չկա որեւէ նպատակ, որը արդարացնի քո արյունակցի վրա ձեռք բարձրացնելը։ Չի կարող որեւէ, անգամ ամենաազնիվ նպատակը արդարացնել քո եղբոր, քո արյունակցի սպանությունը։
Այո, երբեմն թվում է, թե այլ ելք այլեւս չկա։ Բայց՝ ելք միշտ կա։ Բռնությունը, քո արյունակցի վրա ձեռք բարձրացնելը չի կարող ելք լինել։ Այդպես չպետք է լինի։ Հայը միայն իր թշնամու վրա պիտի զենք բարձրացնի՝ պաշտպանելով իր հայրենիքը։ Ցանկացած իշխանություն անցողիկ է։ Հավերժ իշխանություններ չեն լինում։
Իսկ պետությունն ու հայրենիքը չեն կարող անցողիկ լինել։ Ու մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում առաջին հերթին մեր հայրենիքի ու մեր հայրենակցի համար։ Ամեն մեկս մեր տեղում։
Ես եւ իմ գործընկերները կրկին կոչ ենք անում այս պահին բարիկադի երկու կողմերում կանգնած մեր հայրենակիցներին՝ բռնությամբ որեւէ հարց չլուծել։ Իրենցից ամեն մեկը ինչ-որ մեկի որդին, ինչ-որ մեկի հայրն ու ամուսինն են, եղբայրը, սիրելին։
Ամենաարմատական ընդդիմախոսի հետ միշտ կա երկխոսությամբ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու հնարավորություն։ Չկորցնենք այդ հնարավորությունը։
Մենք ներքին թշնամիներ չպիտի ունենանք՝ մենք արտաքին այնպիսի թշնամի ունենք, որ ամեն պահի զգոն պիտի լինենք՝ հանուն մեր հայրենիքի ու հանուն սահմանին կանգնած մեր երեխաների։
Միանում ենք մեր բոլոր հայրենակիցների սթափ կոչերին՝ կանգ առնել ու սկսել երկխոսել։ Այլ ճանապարհ չկա»։