Վաղ առավոտից փակ են մայրաքաղաք Երեւանի բոլոր այն փողոցները, որոնք տարբեր ուղղություններով տանում են դեպի Ոստիկանության Էրեբունու բաժին: Ոստիկանները կուտակվել են բաժնի մատույցներում, մինչեւ ատամները զինված հերթապահում են: Ոստիկանական կուտակումները աննախադեպ մեծ են: Հսկվում են նաեւ մայրաքաղաք մտնող բոլոր ավտոճանապարհները:
Մյուս կողմից ոստիկանության աշխատակիցները հանրապետության տարբեր վայրերից բերման են ենթարկում Ժիրայր Սէֆիլյանի ամենատարբեր կողմնակիցների. մի մասին ազատ են արձակում, առավել անհնազանդ-ակտիվներին՝ պահում:
Ողջ օրվա ընթացքում ակտիվ լրատվություն հաղորդող լրագրողները չեն կարողանում ավելին առաջ գնալ, քան նախանշել է ոստիկանությունը: Ինֆորմացիայի սով կա դարձյալ, բայց դեպքի վայրում անգամ հնարավոր չէ որեւէ բան պարզել:
«Ոտքի Հայաստանի» կոչով Ազատության հրապարակում հավաքվեցին մոտ 5 տասնյակ մարդիկ, որոնց միջից ցուցադրաբար ոստիկանները բերման ենթարկեցին ակտիվիստներին՝ մյուսների «աչքը վախեցնելու» համար: Մի քանի քաղաքական գործիչներ երեւացին Ազատության հրապարակում ու կամաց-կամաց հեռանում են:
Հասարակությունը, շունչը պահած, սպասում է, թե ինչ կլինի, քանի որ եւ ցավ կա, եւ ցասում:
Քաղաքական գրեթե բոլոր ուժերը՝ մեկ-երկու բացառությունով, դատապարտում են «Սասնա ծռերի» իրականացրած զինված հարձակումը: Ու դրանով իսկ քարտ բլանշ տալիս ուժային կառույցներին՝ նոր բռնությունների:
Իսկ զինված խումբը սպասում է իր կողմից հրապարակված պահանջների կատարմանը. այն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարական եւ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակում՝ միաժամանակ սպառնալով, որ եթե բռնություն գործադրեն, քայլ անեն, պատասխան կրակոցներ կլինեն: ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հայտարարեց, որ դեռ բանակցում են, որպեսզի ապստամբները խաղաղ հանձնվեն, սակայն արդյունք չկա մինչեւ հիմա: Իսկ զինված խումբն էլ պաշարել է ոստիկանության ամենատարբեր զինատեսակներով հագեցած գունդը:
Ինչպես հայտնեց Նիկոլ Փաշինյանը, «Սասնա ծռեր» խմբավորման տղաները, որոնք գրավել են ոստիկանության գունդը, զենքի դեֆիցիտ չունեն: Հիմա նրանք դեռ սպասում են իրենց պահանջների բավարարմանը՝ պատանդ պահելով և ոստիկանների, որոնց թվում են ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը:
Այս ընթացքում սպանվեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը, վիրավորվեցին ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը եւ զինված խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը:
Իրավիճակը դեռ չի հանգուցալուծվել: