ՄԵՐ ՏԱՆ ՊԱՏԵՐԸ ՄԵԶ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես, ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության խմբային փուլը։ Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ հակասական տպավորություն թողեց՝ հաղթելով ուժեղ մրցակիցներին ավելի շատ նրանց իսկ հարկի տակ եւ հիմնականում պարտվելով տնային հանդիպումներում։ Ընդ որում, մերոնք պարտվեցին նույնիսկ Մալթայի հավաքականին։ Ստացվում է, որ մեր տան պատերը մեզ ոչ թե օգնում, այլ խանգարում են։ Ինչ որ է, մասնագետների քննարկումները դեռեւս առջեւում են, իսկ մենք ներկայացնենք, թե ինչ արձագանքներ է ստացել Իտալիա-Հայաստան հանդիպումն իտալական մամուլում։
Իտալական առաջատար պարբերականներն առաջին հերթին նշել են, որ, Հայաստանի հետ խաղում միավորներ կորցնելով, Չեզարե Պրանդելիի թիմը դուրս մնաց աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության առաջին զամբյուղից: «Corriere dello Sport»-ը մասնավորապես գրել է, որ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պրանդելին սխալվեց՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս չբերելով Բալոտելիին: Ըստ «Calciomercato»-ի՝ Մխիթարյանը լավագույնն էր հյուրերի կազմում, որը եւս մեկ անգամ ապացուցեց իր բարձրակարգ լինելը:
Վերջին տուրից առաջ տեղեկացրել էինք, որ, Իտալիա-Հայաստան խաղում մեր հավաքականի համար դրական արդյունքից բացի, կարեւոր են նաեւ «H» խմբում կայացած հանդիպումների արդյունքները, մասնավորապես Մոնտենեգրո-Մոլդովա եւ Անգլիա-Լեհաստան մրցավեճերը, եւ ցանկալի էր, որ մեր ընտրանու անուղղակի մրցակիցներ Մոնտենեգրոյի եւ Լեհաստանի հավաքականները պարտվեին: Չնայած այդ թիմերը պարտվել են (Անգլիա-Լեհաստան՝ 2:0, Մոնտենեգրո-Մոլդովա՝ 2:5), բայց Հայաստանի հավաքականին հաջողվել է շրջանցել միայն Լեհաստանի հավաքականին եւ ընդհուպ մոտենալ Մոնտենեգրոյի ընտրանուն: Վերջինիս անցնելու համար մեր թիմին չի հերիքել ընդամենը 130 միավոր: Անկասկած, եթե Հայաստանի հավաքականը պահպաներ հաղթական հաշիվը Իտալիայի դեմ խաղում, ապա կհայտնվեր երրորդ զամբյուղում:
Իսկ հիմա ներկայացնենք աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ եւ անցումային փուլ անցած հավաքականներին. եզրափակիչ փուլ՝ Բելգիա, Իտալիա, Գերմանիա, Հոլանդիա, Շվեյցարիա, Բոսնիա եւ Հերցոգովինա, Ռուսաստան, Անգլիա, Իսպանիա, անցումային փուլ՝ Խորվաթիա, Շվեդիա, Ռումինիա, Իսլանդիա, Պորտուգալիա, Հունաստան, Ուկրաինա, Ֆրանսիա։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս