Տավուշի մարզխորհրդի հոկտեմբերի 12-ի նիստում մարզպետարանի տարածքային ինքնակառավարման եւ հանրապետության գործադիր մարմինների հարցերով վարչության գլխավոր մասնագետ Վահե Հովհաննիսյանը զեկուցեց մարզում համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի տեղադրման գործընթացի վերաբերյալ՝ հայտնելով, որ պետական հատվածի արդիականացման եւ GIZ ծրագրերով մարզի 25 համայնքում տեղադրվել է նման համակարգ: ՀՀ տարածքային կառավարման նախարարի հանձնարարականով այդ համայնքներում փաստաթղթաշրջանառությունը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով: Սակայն առայժմ նշված համայնքներից միայն 6-ում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն կատարվում: Բացի այդ՝ տարածքային կառավարման նախարարի հանձնարարականով մարզի 1000-ից ավելի բնակիչ ունեցող եւս 11 համայնքում պետք է իրականացվի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն:
Վահե Հովհաննիսյանն ասաց, որ կան համայնքներ, որոնք համակարգիչ ձեռք բերելու համար չունեն ֆինանսական միջոցներ, ինչին մարզպետ Արմեն Ղուլարյանն արձագանքեց. «Այդպես մի՛ ասա, որովհետեւ անցյալ անգամ ես էլի այդ թեմայով քեզ ասացի՝ այսօր համակարգիչ կարող է ձեռք բերել ամենա-ամենա միջոցներից ոչ թե զուրկ, այլ ընդհանրապես միջոցից պատկերացում չունեցող մարդը: Մի տարվա ընթացքում ապառիկով տալիս են զրո տոկոսով, ինչի՞ մասին է խոսքը, համայնքն ուզում է, չի՞ կարում համակարգիչ ձեռք բերել: Քանի՞ ծրագիր ենք արել, քանի՞ համակարգիչ ենք տվել: Դա պատճառաբանություն չէ»: Մարզպետը նշեց, որ համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը շատ է հեշտացնում համայնքապետարանների աշխատանքը:
Այնուամենայնիվ, Վահե Հովհաննիսյանն ընդգծեց, որ Տավուշի մարզում համայնքներ կան, որտեղ այդ համակարգը տեղադրված է, սակայն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն չի կատարվում: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ ինտերնետային կապի օպերատորը տվյալ տարածքում չի ապահովում հեռարձակման ծածկույթ կամ կապի որակը ցածր է: Մարզպետ Ղուլարյանը հայտարարեց, որ պետք է աշխատել բջջային կապի օպերատորների հետ, նրանց ներկայացնել այն համայնքների ցանկը, ուր բջջային կապի որակը վատ է, առաջարկել եւ գտնել խնդրի լուծումներ:
Տավուշ