ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԱՃՈՒՐԴԻՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, համացանցում՝ liveauctioneers.com կայքում, ԱՄՆ-ից ինչ-որ մեկն աճուրդի է հանել միանգամից երեք հին հայկական ձեռագիր։
Որպես հայկական ձեռագրերից մեկի ընդօրինակող նշված է Բարսեղ անունով մեկը։ Ըստ հրապարակված տեղեկատվության՝ տեքստը գրված է բոլորագիր, բայց որոշ մասեր երկաթագիր են, այն կարող է պատճենահանված լինել 13-16-րդ դարերում։ Որոշ էջեր եւ, հավանաբար, դիմանկարներ բացակայում են։ Ձեռագիրն ունի 479 էջ: Նախնական գինը 4 հազար դոլար է։ Մյուս ձեռագիրը թվագրված է 1584 թվականով, ունի 571 էջ։ Կան փոքր թերություններ, բայց, ընդհանուր առմամբ, ձեռագիրը շատ լավ վիճակում է։ Նախնական գինը նույնպես 4 հազար դոլար է։ Երրորդ ձեռագիրը, որի նախնական գինը 5 հազար դոլար է, թվագրված է 1659 թվականով, ունի 637 էջ, նաեւ կիսաթանկարժեք քարերով է։
Ձեռագրերի, դրանց աճուրդին մասնակցելու վերաբերյալ մանրամասներ պարզելու նպատակով դիմեցինք Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան, սակայն տնօրեն Հրաչյա Թամրազյանը, որը նոր էր վերադարձել արտերկրից, աշխատավայրում չէր։ Ամեն դեպքում, մեզ հաջողվեց պարզել, որ Մատենադարանը մասնակցելու է այսօր կայանալիք աճուրդին։ Լավ կլինի, որ մեր հարստությունը վերադառնա հայրենիք եւ հանգրվանի հենց Մատենադարանում։
ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Երեկ Հայաստանի գրողների միության նախագահի թեկնածուների առաջադրման վերջին օրն էր, եւ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ներկայացվել են Էդուարդ Միլիտոնյանի, Դավիթ Սարգսյանի եւ Հովիկ Հովեյանի թեկնածությունները։
Իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 20-ին կայանալիք ՀԳՄ արտահերթ համագումարին ընդառաջ, ակտիվացել են գրողները, միության անդամներն ու ոչ անդամները…
Երեւանի գրողների միությունը, ըստ նախագահ Աբգար Ափինյանի, պատրաստակամ է աջակցել ՀԳՄ-ին ինչպես նոր ղեկավար ընտրելու, այնպես էլ հետագա գործունեության ընթացքում: Հիշեցնենք, որ ժամանակին Աբգար Ափինյանը եւ Ալեքսանդր Ղումաշյանը այլախոհության համար հեռացվել էին ՀԳՄ-ից։ Ամենայն հավանականությամբ, ՀԳՄ նոր նախագահ ընտրվելու դեպքում կարող է վերականգնվել նրանց անդամությունը: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչու իր թեկնածությունը չի առաջադրել, Ա. Ափինյանն ասաց, որ հինգ տարի ղեկավար կազմում է եղել եւ կարծում է, որ այսօր նոր մարդիկ պետք է լինեն։ Ինչ վերաբերում է այն քննարկումներին, որ Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ եւ իր թեկնածությունը ներկայացնել ՀԳՄ նախագահի պաշտոնում, Ափինյանը նշեց, որ Սիրադեղյանը լավ գրող է, եւ ինքը կուզենա, որ առաջադրվի: