Այս պահին զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքում իրավիճակը հանգիստ է։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեց զինված հարձակում իրականացրած խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ, ՊՊԾ գնդում գտնվող Վարուժան Ավետիսյանը։
– Պարո′ն Ավետիսյան, կասեք՝ այժմ ի՞նչ իրավիճակ է տիրում։
– Ամեն ինչ հանգիստ է, հանգիստ իրավիճակ է տիրում։
– Իսկ հետագա քայլերը որո՞նք են լինելու, մինչև ինչքա՞ն եք պատրաստ այդպես մնալ։
– Եթե մեզ վրա չեն հարձակվում, մենք առավել ևս չենք հարձակվում։
– Բայց ինչքա՞ն ժամանակ դա կարող է շարունակվել։
– Մինչև բոլոր հարցերը լուծում ստանան։
– Բայց այդ հարցում դեռ առաջխաղացում չի նկատվում․ ՀՀԿ-ականները հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարական տալ, Սէֆիլյանին ազատ էլ չեն արձակել, հետագա քայլերը որո՞նք են լինելու։
– Մենք հանձնվելու մատդրություն չունենք, երրորդ տարբերակներ են միգուցե հնարավոր, տեսնենք։ Այդ տարբերակների մասին խոսակցություն կա, որի մասին չեմ կարող մանրամասներ հայտնել, բայց չի բացառվում, որ նման բան լինի։
– Իսկ պատանդներն այժմ ի՞նչ վիճակում են։
– Բոլորը քնած են։ Մենք քիչ առաջ ևս մեկ հոգու ազատ ենք արձակել։
– Բայց ինչո՞ւ որոշեցիք ազատ արձակել ևս մեկ ոստիկանի։
– Բարի կամքի դրսևորում, ուղղակի լուծում գտնելու համար․ կոնստրուկտիվ հունի մեջ մտնելու, հույսի արձանագրում։
Հ․ Գ․ Հավելենք, որ քիչ առաջ Էրեբունիում ՊՊԾ գունդ է այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Արդյոք նրան հաջողվել է բանակցել զինված խմբի անդամների հետ, թե ոչ, դեռ պարզ չէ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ զինված խմբի հիմնական պահանջները Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականն է։
Նաիրա Հովհաննիսյան