Այս իրավիճակի արմատականացումը հասարակության մեջ երկար ժամանակ է, ինչ գնում էր, և դժվար չէր կռահել, որ վաղ թե ուշ նման դրսևորումներ լինելու էին: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ տեղի ունեցած զինված ապստամբությանն, ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը. «Ես կարծում եմ` այս ամեն ինչի քաղաքական թիվ մեկ պատասխանատուն, այնուամենայնիվ մնում է իշխանությունը: Սակայն մյուս կողմից պետք է ասեմ նաև, որ ցանկացած քաղաքական հարցի լուծում ես տեսնում եմ միայն և բացառապես օրենքով չարգելված ուղիներով»:
Քաղաքագետը նաև նշեց, որ պետք է գործադրվեն բոլոր ջանքերը, որոնք ուղղված են հարցի խաղաղ հանգուցալուծմանը. «Մեզ ցնցումներ պետք չեն: Հայաստանում ներքաղաքական վիճակի սրումների ժամանակ Ադրբեջանը ռազմական ակտիվություն է ցուցաբերում: Ես չեմ բացառում, որ կրկին կփորձեն ինչ-որ բան անել»:
Իսկ հանգուցալուծմանն անդրադառնալով` Մեհրաբյանը նշեց, որ ունի այնպիսի տպավորություն, որ իշխանությունը շահագրգռված է նրանում, որ բոլոր շանսերն օգտագործի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար. «Կարծում եմ, որ հակառակ կողմի մոտ էլ կա հարցը խաղաղ ճանապարհով լուծելու տրամադրվածություն, ինչի մասին է խոսում ևս մեկ պատանդի բաց թողնելը»:
Լիլիթ Շաբոյան