Նախօրեին Արմավիրի մարզում եւ Արագածոտնի նախալեռներում տեղած հուժկու կարկուտը հանրության ուշադրությունը գրավեց հակակարկտային կայանների խնդրի վրա: Մասնավորապես, ըստ մասնագետների՝ Հայաստանի ողջ ցանքատարածքները եւ այգիները հակակարկտային կայաններով «ծածկելու» համար անհրաժեշտ է տեղադրել մոտ 5 հազար սարք: Ներկայումս Հայաստանում առկա է շուրջ 450 հակակարկտային կայան: Սակայն նույնիսկ եթե ողջ հանրապետությունը հակակարկտային կայաններով ապահովվի, ապա այդ համակարգն այգիները եւ բանջարանոցները կարկուտից կարող է պաշտպանել միայն մինչեւ միջին ուժգնության կարկուտների ժամանակ: Իսկ գերհզոր կարկուտների ժամանակ համակարգերն անզոր են, ինչպես դա տեղի ունեցավ հուլիսի 10-ի երեկոյան տեղած հուժկու կարկուտի ժամանակ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հակակարկտային մեկ կայանի արժեքը 2-6 մլն դրամ է, որը մեր երկրում արտադրում է մեկ ընկերությունը՝ «Բարվա»-ն: Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ներկա համակարգի վրա արդեն իսկ մի քանի միլիարդ դրամ է ծախսվել, որի պահպանման համար տարեկան մի քանի տասնյակ միլիոն դրամ էլ ծախսվում է, սակայն արդյունքում կարկուտից կիսատ-պռատ ապահովագրված է միայն հանրապետության այգիների եւ բանջարանոցների մոտ 8 տոկոսը միայն:
Ու եթե այս ամենին հավելենք նաեւ ռադիոտեղորոշիչ սարքավորումների անհրաժեշտությունը, որը հարկավոր է ամպերի կառուցվածքն ու տեսակը պարզելու, ապա նաեւ ճիշտ կրակելու համար (ՀՀ-ում ընդամենը 2 նման սարք կա), ամեն ինչ «տեղն է ընկնում»: Մեր երկրում որեւէ մեկն ապահովագրված չէ կարկուտներից:
«Ժողովուրդ»-ը այս տարի մարտի 18-ին հրապարակեց հոդված, դրանից տասն օր առաջ «Դիանա» ռեստորանի դիմաց ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Ոստիկանապետը ծեծի էր ենթարկել իր հետ վեճի բռնված երիտասարդներին, որոնց մեջ եղել էր նաեւ ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբայրը` Արթուր Գեւորգյանը: Դեպքի վայրում էին նաեւ մարզի դատախազը, քննչական ծառայության ղեկավարը եւ այլ պաշտոնյաներ, սակայն հետագայում քրեական գործ հարուցվեց ոչ թե ծեծողի, այլ Արթուր Գեւորգյանի դեմ, եւ ոստիկանին դիմադրելու համար նա կալանավորվեց: «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո, սակայն, քրեական գործի ընթացքը փոխվեց, եւ գործն ուղարկվեց ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ քննում են ոստիկանապետ Ազիզյանի արարքները: Իսկ Արթուրը ազատ արձակվեց: «Ժողովուրդ»-ը իր աղբյուրներից տեղեկացավ, որ շուրջ 4 ամիս տեւած քննությունից հետո նախօրեին ՀՔԾ-ն որոշել է արդարացնել Արթուր Գեւորգյանին եւ նրա դեմ հարուցված քրեական գործը կարճել:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սովորաբար ամեն ամսվա սկզբին հրապարակում է նախորդ ամսում հավաքագրված հարկերի եւ տուրքերի թիվը: Հունիսին հավաքագրված հարկերի եւ տուրքերի թիվը, սակայն, ՊԵԿ-ը մինչ օրս չի հրապարակել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս «լռության» պատճառն այն է, որ հարկային մուտքերը նախատեսվածից 12 միլիարդ դրամով պակաս են եղել, ու այս օրերին ՊԵԿ-ում փորձում են այդ «բացը» լրացնել: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից կտրականապես հերքեցին նախատեսվածից պակաս հարկեր հավաքագրելու մասին լուրերը՝ հավաստիացնելով, որ մի քանի օրից այդ տվյալները կհրապարակվեն: Նկատենք, որ այս տարվա առաջին կիսամյակի պլանով հարկեր եւ տուրքերից պետբյուջեի մուտքերը պիտի կազմեն առնվազն 519 միլիարդ 687 միլիոն դրամ: Հինգ ամիսների արդյունքներով հավաքագրվել էր 419 մլրդ 667 մլն դրամ: Այսինքն՝ կիսամյակի պլանը կատարելու համար հունիսի հարկային մուտքերը 100 միլիարդ դրամից ավել պետք է լինեին: Ի դեպ, անցած տարի հունիսին 90 մլրդ դրամի հարկ է հավաքագրվել:
Երեկ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակացույցը: Ըստ այդմ, սեպտեմբերին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի շուրջ 350 համայնքներում: Թեկնածուների առաջադրումը նախատեսված է օգոստոսի 14-ից 19-ը, իսկ գրանցումը նախատեսված է օգոստոսի 19-ից 24-ը: Այս եւ դրանից երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 2-ին, Շիրակի, Լուռու, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունները պետք է անցկացվեն ՀՀ ընտրական հին օրենսգրքով նախատեսված ընթացակարգով: Բացառություն կլինեն միայն Գյումրին եւ Վանաձորը, որոնցում համայնքի ղեկավարի փոխարեն գյումրեցիներն ու վանաձորցիները կընտրեն ավագանի, որն էլ իր կազմից կընտրի քաղաքապետ, ինչպես Երեւանում: Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը, ամենայն հավանականությամբ, ԿԸՀ-ն կհրապարակի առաջիկա օրերին:
ՄՏԱՀՈԳԻՉ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ռուսական ԱԳՆ-ի կողմից ստացվող, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով տեղեկատվությունը «Բաքվին դրական է տրամադրում»: Ավելի վաղ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլ. Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Բաքու այցի ընթացքում ակնկալում է ղարաբաղյան կարգավորման հարցով ավելի հստակ քայլերի սահմանում: Եվ այն, որ Մամեդյարովը խոսում է «դրական տրամադրվածության» մասին, տեղիք է տալիս ենթադրելու, որ այդ հստակ քայլերի սահմանման ուղղությամբ ձեռք բերված համաձայնությունը Բաքվի սրտով է:
Իսկ որոնք կարող են լինել այդ քայլերը Լավրովի ներկայացմամբ: Չմոռանանք, որ տեւական ժամանակ խոսվում էր, այսպես կոչված, «Լավրովի պլանի» մասին, որի իրագործմանը հայկական կողմին հակելու նպատակով էլ, ըստ բազմաթիվ փորձագետների, սանձազերծվեց ապրիլյան քառօրյա պատերազմը: Ավելին՝ Լավրովը դեռեւս անցած տարի՝ մայիսի վերջին, Մոսկվայում Ադրբեջանի նախարար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե հիմքեր է տեսնում բանակցային գործընթացի զգալի առաջխաղացման համար եւ կարծում է՝ եկել է պահը առավել ինտենսիվացնելու գործընթացը: Համատեղ ասուլիսում իր ռուսաստանցի գործընկերոջ լավատեսությունը կիսեց նաեւ Մամեդյարովը: Դրանից հետո եղան սահմանային նոր սրացումներ, իսկ արդեն սեպտեմբերին Լավրովի՝ Բաքու կատարած այցից օրեր անց ադրբեջանական կողմը առաջին անգամ հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացեց ռուսական «Հաուբից» տեսակի թնդանոթներից:
Հոկտեմբերի սկզբին արդեն ՌԴ ԱԳ նախարարի՝ Երեւան կատարած այցի օրերին ռուսական մամուլը գրեց, որ Լավրովը ՀՀ է գալիս տարածքային զիջումների շուրջ Երեւանի վրա ճնշումներ գործադրելու նպատակով: Այդ այցից օրեր անց, 94թ. հրադադարից հետո առաջին անգամ Ադրբեջանի զինուժը տանկով արկակոծեց հայկական դիրքերը: Նկատենք, որ այդ ողջ ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը տարբեր հարթակներից, այդ թվում եւ եվրոպական ամբիոններից հայտարարում էր, որ Լավրովը Բաքվին ներկայացրել է նոր առաջարկներ, որոնք Բաքվի համար կարող են դառնալ քննարկման առարկա, մինչդեռ հայկական կողմը շարունակում էր համառորեն հերքել նման՝ լավրովյան առաջարկների գոյությունը: Ռուսական կողմից հերքումներ այդպես էլ չեղան:
Եվ, ահա, տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմը, որի հետեւանքների մասին բոլորս տեղյակ ենք: Դրան հետեւեց 800 հա տարածքի կորստյան մասին հայտարարությունը, ինչպես նաեւ խոստովանությունը, որ Սերժ Սարգսյանը դեռեւս 2011-ին պատրաստ է եղել ստորագրել ազատագրված հինգ շրջանների հանձնումը որպես առաջին քայլ նախատեսող Կազանյան փաստաթղթի տակ, ինչը, սակայն, ձախողվել է Ադրբեջանի շնորհիվ: Եվ հիմա, երբ Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցից Բաքուն դրական տրամադրվածության մասին է խոսում, դժվար է չմտահոգվել: