Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՊԿ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1992թ. մայիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ: Կազմակերպության հիմնական առաքելությունը պաշտոնապես նախկին ԽՍՀՄ մի քանի երկրների անվտանգության ապահովումն է համատեղ միջոցառումների ու ջանքերի միջոցով: Մինչդեռ իրականում այս կազմակերպությունը հանդիսանում է Ռուսաստանի գրպանային հարթակը, որի միջոցով այն է՛լ ավելի է խորացնում անդամ մյուս երկրների նկատմամբ ունեցած ազդեցությունը:

ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամությունը գործնականացվում է անդամ մյուս պետությունների` Ռուսաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի հետ բազմակողմանի կապերի միջոցով: Թե ինչ կապեր են դրանք եւ որքանով են դրանք սատարում Հայաստանի անվտանգության երաշխավորմանը, հստակորեն տեսանք այս տարվա ապրիլյան պատերազմի չորս օրերին: Այս առումով հետաքրքիր է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ հոդվածը, որը բառացիորեն սահմանում է. «Մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սպառնալիքի ի հայտ գալու կամ միջազգային խաղաղության եւ անվտանգության սպառնալիքի դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցության մեխանիզմն իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակում եւ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար՝ սպառնալիքի վտանգի վերացման նպատակով»:
Հիշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Հայաստանի անվտանգության ապահովման հիմնական կազմակերպությունում մեր՝ առնվազն երկու գործընկերները` Բելառուսն ու Ղազախստանը, հանդես եկան Հայաստանի անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի գործողությունների սատարմամբ: Ադրբեջանի ապրիլյան գործողությունները միանշանակորեն սպառնալիք էին եթե ոչ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ապա հաստատապես Հայաստանի կայունությանն ու նրա քաղաքացիների անվտանգությանը: Պարզ է, որ ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթի 2-րդը չի գործել այն ժամանակ, երբ պայմանագրի հիմնադիր անդամներից մեկը դրա հույժ կարիքն է ունեցել: Ավելին` կարելի է ասել Բելառուսի ԱԳՆ-ի ապրիլերկուսյան պաշտոնական հայտարարությամբ վերոնշյալ հոդվածը խախտվել է` հստակ աջակցություն հանդիսանալով ՀԱՊԿ անդամ երկրի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնող կողմի համար: Այլ կերպ ինչպե՞ս մեկնաբանես ձեւակերպումը, ըստ որի` Բելոռուսը, հանդիսանալով Մինսկի խմբի անդամ պետություն, հակամարտության կարգավորումը տեսնում է միջազգային իրավունքի հիման վրա` ելակետ ունենալով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ պետությունների միջեւ գոյություն ունեցող սահմանների անխախտելիության սկզբունքները: Սրանք այն նույն պնդումներն են, որ համեմատաբար ագրեսիվ բառերով համեմված հնչեցնում էր եւ շարունակում է թմբկահարել Ադրբեջանը: Հանուն արդարության, հիշատակենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան պատերազմի մեկնարկին, այնուամենայնիվ, «կեսբերան» հայտարարեց, որ Ադրբեջանի գործողություններն իրենցից ներկայացնում են ագրեսիա, բայց հաջորդ պահին իսկ նույն Բորդյուժան փոփոխեց ձեւակերպումները` կողմերի միջեւ հավասարության նշան դնելով:
ՀԱՊԿ-ի հայեցակարգի ամենակարեւոր բաղադրիչը, սակայն, ամփոփված է 4-րդ Հոդվածում. «Եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման), ապա դա անդամ պետությունների կողմից կհամարվի որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակում) սույն պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ»: Եթե ապրիլյան պատերազմի պարագայում այս հոդվածը կարող էր որոշակի իմաստով այլ կերպ մեկնաբանվել, ապա հակամարտության նախորդ փուլերի առնչությամբ ճշմարտությունից փախչել հնարավոր չէ: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները մշտապես ուղղված են եղել Հայաստանի պետական սահմաններին, մասնավորապես` կենտրոնանալով Տավուշի ուղղությամբ: Երկու տարի առաջ նույնիսկ Չինարի գյուղ ուղեւորվող քաղաքացիներից ստորագրություններ էին կորզում` ելնելով նրանց անվտանգությունն ապահովելու անհնարինությունից: Եվ որտե՞ղ էր ՀԱՊԿ-ն իր` «մեկը` բոլորի, բոլորը` մեկի համար» բանաձեւը արձանագրող 4-րդ հոդվածով: Ի դեպ, 2016թ. Հայաստանը ստանձնել էր ՀԱՊԿ նախագահությունը, սակայն նույնիսկ այդպիսի պատասխանատու դիրքի պայմաններում ոչ միայն չստացվեց մեր «գլխավորած» կառույցում մեր իսկ դեմ ռազմական ագրեսիայի հարցում միասնական գնահատական հնչեցնել, այլեւ նույնիսկ առանձին անդամներ պաշտպանեցին մեր անվտանգությունը խարխլող եւ մեր զինվորներին գլխատող ադրբեջանական վայրագությունները:
Հայաստանի իշխանական քարոզչությունը բազմիցս պնդել է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորումը երկարաժամկետ կտրվածքով կապված է ՀԱՊԿ-ի հետ: Հաշվի առնելով վերջինիս անհեռանկարային ու բառի իսկական իմաստով ոչ կենսունակ դրությունը` հաստատապես կարող ենք պնդել, որ Հայաստանի անվտանգությունը խիստ անմխիթար վիճակում է: Եվ սա սոսկ դատարկ պնդում չէ, այլ վերոգրյալ փաստերի հիման վրա արված եզրակացություն` իր բոլոր տխուր հետեւանքներով: ՀԱՊԿ-ը փաստացիորեն չի ապահովում մեր անվտանգությունը, եւ պատճառն այն չէ, որ Հայաստանն այնտեղ հավուր պատշաճի ներկայացված չէ: Խնդիրն այն է, որ կազմակերպությունը գտնվում է Ռուսաստանի բացարձակ ենթակայության ներքո եւ հանդիսանում է լոկ զսպաշապիկ անդամ պետությունների համար: Ըստ էության, այսօր Հայաստանը ՀԱՊԿ-ի կազմում է գտնվում Ռուսաստանից նորանոր ծանր եւ անուղղելի հարվածներ չստանալու պատճառով: Ստացվում է, որ Ռուսաստանը ոչ թե Հայաստանի անվտանգության երաշխավորն է, այլ մեր երկրի վիճակը անդառնալիորեն չծանրացնելու հանձնառություն ստանձնած աշխարհաքաղաքական միավոր: Այդ ամենում ամենացավալին այն է, որ կառավարող վերնախավին ձեռնտու չէ իրավիճակի վերանայումը, ինչը, սակայն, բումերանգի ազդեցությամբ կարող է հարվածել հենց իրենց` զրկելով իշխանությունից:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԸ ԼՔՎՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, Ադրբեջանին սահմանակից Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 23 աշակերտ: 2015-2016թթ. ուստարում Բարեկամավանի դպրոցի առաջին դասարան է հաճախել 2 երեխա: Դպրոցում գործում են երկկոմպլեկտ դասարաններ: 1970-ականների երկրորդ կեսին Բարեկամավանի դպրոցն ութամյա էր, ուներ 300-ից ավել աշակերտ: Դպրոցի շենքը գտնվում է ադրբեջանական զինուժի թիրախում, այս տարվա աշնանը դպրոցն ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանող պատ է կառուցվել, անվտանգության ապահովման նկատառումներով շենքի պատուհանները ձեւափոխվել են: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի դպրոցը 1970-ականներին ութամյա էր, ուներ 330 աշակերտ, իսկ այժմ՝ 59 աշակերտ: Սահմանամերձ Կոթի գյուղը, ըստ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի, 2015թ. հունվարի 1-ի դրությամբ ուներ 2215 բնակիչ: Կոթիի դպրոցի շենքը նախատեսված է 830 աշակերտի համար: Խորհրդային տարիներին Կոթիի դպրոցն ուներ շուրջ 700 աշակերտ, իսկ 2015-2016 ուստարում մնացել էր 190 աշակերտ: Կոթիի դպրոցի աշակերտների թվի նվազումը պայմանավորված է նաեւ այս տարի ադրբեջանական զինուժի կողմից գյուղի պարբերաբար գնդակոծությամբ: Դրանից հետո շատ ծնողներ իրենց երեխաներին տեղափոխեցին Նոյեմբերյան քաղաք, Հայաստանի այլ բնակավայրեր:
Տավուշի սահմանագոտու դպրոցներում աշակերտների թվի նվազումը պայմանավորված է մի շարք գործոններով: Շատ ընտանիքներ արտագաղթել են ՌԴ, տեղափոխվել Երեւան կամ հանրապետության այլ վայրեր: Սահմանամերձ գյուղերի, օրինակ՝ Բարեկամավանի, Կոթիի հողերի մեծ մասը գտնվում է սահմանին կից, ադբեջանական գնդակոծության գոտում, չի մշակվում: Նույն պատճառով այդ գյուղերում դժվար է անասնապահությամբ զբաղվել: Սահմանագոտում աշխատատեղերը քիչ են: Սահմանամերձ գյուղերի բնակիչների մի մասը օրվա հացի խնդիրը լուծելու համար պայմանագրային զինծառայության է անցնում: Սակայն սահման պահող, ամսվա կեսը խրամատներում անցկացնող պայմանագրային զինծառայողների աշխատավարձը մեծ չէ՝ 150-170 հազար դրամ:

 

 

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՑ՝ ՂԱՐԱԲԱՂ
Հուլիսի 11-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի սահմանագոտու բնակավայրերից՝ Ոսկեպարից, Բերդավանից, Կոթիից, ժամկետային զինծառայության է մեկնել զինակոչիկների խումբ: Զինակոչիկների ծնողները «Ժողովրդին» հայտնեցին, որ ժամկետային զինծառայության մեկնած շուրջ 30 հոգուց միայն 3-ին է ծառայության համար բաժին ընկել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանագոտին: Հիշյալ 3-ը, լինելով սոցիալական տարբեր խավի ծնողների զավակներ, օգտվել են իրենց բնակավայրից մինչեւ 100 կմ հեռավորությամբ ծառայելու արտոնությունից: Նկատենք, որ Բերդի սահմանագոտում ծառայությունը պակաս վտանգավոր չէ Արցախում ծառայելուց: Խմբի մնացած անդամներին ուղարկել են Ղարաբաղ: Զարմանալի է, որ Նոյեմբերյանի սահմանագոտու բնակիչ հանդիսացող ոչ մի զինակոչիկի վիճակահանությամբ բաժին չի ընկել Հայաստանի այլ տարածքներում ծառայելու իրավունք:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԳՈՀ է

Չնայած համայնքների խոշորացման հարցով իրականացված հանրաքվեի բացասական արդյունքին եւ շատերի դժգոհությանը, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունն իրականացրեց խոշորացման ծրագրերը Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում: «Ժողովուրդը» փորձեց հասկանալ, թե ինչ է փոխվել համայնքներում խոշորացումից հետո, ինչ էական ծրագրեր են իրականացվել եւ արդյոք իրականացվել են, թե ոչ: Այս նպատակով զրուցեցինք Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի հետ:

-Պարո՛ն Սիմոնյան, Ձեզ գոհացնո՞ւմ է համայնքների խոշորացման ծրագրի ընթացքը:
-Դժգոհություն չկա, ամեն ինչ իրա հունով գնում է առաջ: Ինչ խնդիրներ եղել են, հերթականորեն կատարվում են:
-Ինչպե՞ս եք տեխնիկական, փաստաթղթային հարցերը լուծում: Խնդիրներ չե՞ն առաջանում:
-Փաստաթղթային հարցերը նորմալ ձեւի են: Ունենք վարչական ներկայացուցիչներ եւ օպերատորներ: Ընդհանուր ամբողջ համակարգը համացանցով իրար հետ կապված է:
-Ի՞նչ փոփոխություններ են կատարվել համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում:
-Ծրագրեր կան, որոնք վերջնական պատրաստվում են, որ իրականանան համայնքներում: Չէ, ինչի՞ չի գոհացնում: Ես առաջխաղացում տեսնում եմ:
-Կոնկրետ ո՞ր հարցերում եք տեսնում:
-Որովհետեւ տարբեր կազմակերպություններ մեզանով արդեն հետաքրքրված ենք: Իրանք մեզ աջակցում են, օգնում են: Ամբողջ խոշորացված համայնքների համար ընդհանուր ինչ-որ ծրագրեր են անում:
-Բազմիցս ասվել է, որ համայնքների խոշորացման ծրագրի համար դրամաշնորհներ են տալիս: Ձեզ հասե՞լ է:
-Դե, գումարը նենց չի, որ գաղտնի են մեզ տալիս: Մարզպետարանի եւ կառավարության աջակցությամբ ոչ թե գումարային, այլ որեւէ աշխատանքով, տեխնիկայով, խմելու ջրագծի վերանորոգման եւ այլ օգնությունների տեսքով: Այս պահին ճանապարհները վերանորոգելու խնդիր ունենք: Զարգացման հիմնադրամի միջոցով ամբողջ համայնքներում կա 199 միլիոն դրամի ծրագիր, որտեղ մենք առաջարկել ենք միջհամայնքային ճանապարհները վերանորոգել:
-Իսկ համայնքապետարանների աշխատակիցների կրճատումների հետ կապված ի՞նչ կասեք:
-Գրեթե չի եղել: Հաշվապահներ են կրճատվել: Բայց էլի ընդգրկվել են աշխատանքի մեջ:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ




Լրահոս