Վերջին օրերին կարծիքներ են հնչում այն մասին, որ ՀՀ ազգային ժողովը պետք է արտահերթ նիստ հրավիրի՝ եղած ճգնաժամը հաղթահարելու համար: ArmLur.am-ը ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչ է մտածում այս մասին ՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
-Պարո´ն Բաբայան, այս օրերին կարծիքներ են հնչում այն մասին, որ անհրաժեշտ է ՀՀ ազգային ժողովում արտահերթ նիստ հրավիրել՝ եղած ճգնաժամը հաղթահարելու համար…
-ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստերը ԱԺ կանոնակարգով եւ օրենքով են սահմանված: Եթե անհրաժեշտություն լինի եւ օրենսդրորեն համապատասխան հիմնավորում լինի, ապա անպայման կիրականացվի:
-Իսկ այս մասին ի՞նչ է մտածում ՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
-Դուք լսեցի՞ք իմ պատասխանը…
-Պարո´ն Բաբայան, արդյոք այդ պահը չի՞ հասունացել. ունենք մեկ զոհ, մի քանի վիրավոր…
-Եթե հասունանա պահը, որը որ նախատեսված է օրենսդրությամբ, ապա օրենսդրության պահանջը իմպերատիվ կիրականացվի: ԱԺ արտահերթ նիստեր հրավիրելու համար օրենսդրությամբ սահմանված կարգ գոյություն ունի. երբ է անցկացվում, ինչ պայմաններում, ինչ նպատակներով: Երբ լինեն այդ բոլոր բաղադրիչները, անպայման կիրականացվի:
Զրուցեց Արփինե Թովմասյանը