Երեկ Էրեբունի վարչական շրջանում ստեղծված արտակարգ իրավիճակից անցել է ավելի քան 36 ժամ, սակայն մինչ այս պահը ստեղծված իրադրությունից դուրս գալու համար որևէ որոշիչ և հստակ ելք առաջ չի քաշվել:
Մինչև երբ են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող ոստիկանները մնալու պատանդի կարգավիճակում, զինված հարձակման հետևանքով դեռ քանի տուժողներ են լինելու, դժվար է ասել: Ելնելով հարձակումն իրականացրած «Սասնա Ծռեր» խմբի անդամների հայտարարություններից` կարելի է ենթադրել, որ իշխանության կողմից զիջումներ չլինելու դեպքում արտակարգ իրավիճակը կպահպանվի:
ArmLur.am-ը զրուցեց ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Մարտի 1-ի օպերացիայի պաշտոնական պատասխանատուներից Գրիգոր Գրիգորյանի հետ` հասկանալու համար այլընտրանքային ինչ միջոցներ կարող են կիրառվել ապստամբներին ցրելու նպատակով:
-Պարո´ն Գրիգորյան, հնարավո՞ր է արդյոք այլընտրանքային միջոցներ կիրառելով ցրել զինված խմբին: Կարծիքներ կան, որ կարելի է չերյոմուխա կիրառել…
-Չերյոմուխան չէի ասի, որ կարելի է կիրառել: Այն ընդամենը արցունքաբեր գազ է: Չերյոմուխա օգտագործելն անիմատ է: Ընդհակառակը, դա կկատաղեցնի:
-Իսկ այլ արցունքաբեր կամ քնեցնող գազե՞ր…
-Եթե կհիշեք, չեչեն տեռորիստները երբ թատրոնի շենքը գրավեցին, օգտագործեցին քնեցնող գազեր, նաև ահագին զոհեր եղան խաղաղ քաղաքացիների շարքերում: Ճիշտ է` չեչեններն էլ քնեցին, մի մասը ծանր վիճակում հայտնվեցին, հատկապես սրտանոթային հիվանդ քաղաքացիներից շատ զոհեր եղան: Այդ հատուկ միջոցների կիրառումն այնքան էլ էֆֆեկտիվ չի լինի, որովհետև դրանք մեծ տարածքի վրա են օգտագործվում, իսկ մեծ տարածքում արդյունք չի լինի, կարծում եմ:
-Ասացիք, որ չերյոմուխան հակառակ ազդեցություն կունենա: Սակայն մարտի 1-ի դեպքերի ժամանակ հենց այդ տեսակն էր լայնորեն օգտագործվել, ի դեպ, հենց Ձեր նախաձեռնությամբ: Ի՞նչ երաշխիք կարող ենք ունենալ, որ այդ սխալը չի կրկնվի:
-Մարտի 1-ին ևս բաց, մեծ տարածքի վրա էր օգտագործվել, դրա համար էլ օգտակարությունը փոքր էր: Փոքր տարածքներում Ձեր նշած քնեցնող գազերը հնարավոր է էֆֆեկտիվ լինեն, իսկ հիմա մեծ շենք է, ու այնտեղ դժվար կլինի դա օգտագործել: Կիրառելու իրատեսականությունը և այդ կերպ լուծումը դժվարանում եմ նկատել:
Զրուցեց Տաթև Հարությունյանը